Վրաստանի խորհրդարանը ընտրություններից հետո պատրաստվում է առաջին նիստին: Այս մասին հայտնում է «Ազատություն ռադիոկայանի» ռուսական ծառայությունը:
Հոկտեմբերի 1-ին կայացած ընտրությունների արդյունքներով՝ խորհրդարանում մեծամասնություն է ստացել «Վրացական երազանք» ընդդիմադիր կոալիցիան՝ Բիձինա Իվանիշվիլիի գլխավորությամբ: Նրանց բաժին է հասել 85 մանդատ: Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցները «Միացյալ ազգային շարժումից» ստացել են 65 տեղ: Այլ կուսակցություններ խորհրդարանում ներկայացված չեն:
Առաջին նիստին, ինչպես սպասվում է, ելույթ կունենա նախագահ Սաակաշվիլին, որից հետո պատգամավորները խոսնակ կընտրեն: Ինչպես սպասվում է, այդ պաշտոնում կընտրվի «Վրացական երազանքի» ներկայացուցիչ Դավիդ Ուսուպաշվիլին:
Հաջորդ շաբաթ պատգամավորները կհաստատեն նոր վարչապետի թեկնածությունը: Այդ պաշտոնում պաշտոնապես առաջադրվել է ընդդիմադիր կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին:









































