Մուամար Քադաֆիի նախկին մամլո քարտուղար Մուսա Իբրահիմը հերքել է լիբիական իշխանությունների հայտարարությունները իր ձերբակալման մասին` հաղորդում է Agence France-Presse-ը:
Իբրահիմի հայտարարություններով ձայնագրությունը հայտնվել է համացանցում իր ձերբակալման մասին լուրը տարածելուց մի քանի ժամ անց:
«Ինչ վերաբերում է իմ ձերբակալությանը, ապա դա ուղղակի փորձ է` շեղելու ուշադրությունը մեր ժողովրդի հանդեպ Բանի-Վալդիում կատարվող հանցագործություններից»,- հայտարարել է Իբրահիմը` նշելով, որ ներկա դրությամբ ինքը գտնվում է Լիբիայի սահմաններից դուրս:
AFP-ը նշում է, որ Իբրահիմի ձայնի համապատասխանությունը այս պահին չի կարող հաստատվել:
Նշենք, որ Բան-Վալիդում շաբաթ բախումներ են տեղի ունեցել կառավարական զորքերի և Մուամար Քադաֆիին հավատարիմ մնացած ուժերի միջև: Տեղի բժիշկների տվյալներով` մարտերի հետևանքով զոհվել է 22 մարդ, ավելի քան 200-ը վիրավորվել է:






































