Թուրքական կառավարական ուժերի և «Քրդստանի աշխատավորական կուսակցության» զինյալների բախումների հետևանքով Թուրքիայի հարավ-արևելքում 9 մարդ է սպանվել, փոխանցում է Associated Press-ը: Առաջին միջադեպը տեղի է ունեցել Հաքարի նահանգում: Զինյալները հարձակվել են Իրաքի հետ սահմանին գտնվող հենակետերից մեկի վրա, փոխհրաձգության հետևանքով երկու կողմից 3-ական մարդ մահացու վիրավորվել են:
Երկրորդ հարձակումը եղել է հարևան Բիթլիս նահանգում: Զինյալներն ավտոմատներով գրոհել են տեղի աշխարհազորայինների ջոկատի անդամների տան վրա: Ներսում գտնվող 3 մարդ զոհվել է:
«Քրդստանի աշխատավորական կուսակցությունը» պահանջում է քրդերին ինքնավարություն տալ: Թուրքիայի իշխանությունները զինյալներին մեղադրում են ահաբեկչությունների և Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգից օգնություն ստանալու համար:









































