Ամերիկյան կաթոլիկ եկեղեցին պատրաստվում է սրբերի շարքին դասել Նոր աշխարհի բնիկ ժողովուրդների առաջին կաթոլիկ ներկայացուցչին: Կատերի Տեկակվիտան մոհոկ ցեղից է եղել և մահացել է ավելի քան 300 տարի առաջ, սակայն հավատացյալները պնդում են, որ նա շարունակում է հրաշքներ գործել:
Կատերի Տեկակվիտան ծնվել է Օսսերնենոն գյուղում` 1656թ.: Տարբեր ցեղերի հնդկացիներն այդ ժամանակ պայքարում էին միմյանց և մեծ թվով գաղութարարների՝ հոլանդացիների, ֆրանսիացիների և անգլիացիների դեմ: Վերջիններս իրենց հետ բերել էին մեծ թվով հիվանդություններ, այդ թվում` ծաղիկ, որոնց դեմ տեղացիներն իմունիտետ չունեին: Կատերիի ծնողները և նրա կրտսեր եղբայրը մահացել են հենց այդ հիվանդությունից, իսկ աղջիկը չնայած փրկվել էր, սակայն նրա դեմքը ծածկվել էր սպիներով, և նա գրեթե ամբողջությամբ զրկվել էր տեսողությունից:
Այդ ժամանակ անհայտ հիվանդությունից ցեղակիցների մեծ թվով մահերի պատասխանատվությունը տեղաբնակները դրեցին ֆրանսիացի միսիոներ ճիզվիտների վրա, որոնցից շատերը դրա համար կյանքով վճարեցին:
Կրոնի հարցերը հնդկացիներին առավել քիչ էին հետաքրքրում, համենայնդեպս երկար ժամանակ համարվում էր, որ Կատերին եղել է համայնքի միակ անդամը, ով 1676թ. Զատիկին կնքվել է և դարձել կաթոլիկ:
Սակայն Կատերին դրա համար ստիպված էր թանկ վճարել: Նրա հորեղբայրը՝ գյուղի առաջնորդը, դժգոհ էր, որ աղջիկը կաթոլիկ հավատք է ընդունել և հրաժարվել ամուսնանալ հնդկացի մոհոկի հետ: Աղջիկը ստիպված լքել է հայրենի գյուղը և մեծ դժվարություններով կտրելով 320 կմ՝ հասել միսիոներների բնակավայր Կանավակե (Մոնրեալի մոտ): Այնտեղ Կատերին չամուսնանալու ուխտ է արել և սկսել ապրել ճգնավորի կյանքով: «Նա տանջում էր իրեն բոլոր հնարավոր միջոցներով՝ անքնությամբ, ծոմով, ցրտով, կրակով և շղթաներով՝ դրանցով մինչև արյունոտվելը հարվածում էր իր ուսերին շաբաթը մի քանի անգամ»,- պատմել է Կանավակեում ապրած միսիոներ Պիեռ Շոլենեն:
Կատերին մահացել է 24 տարեկանում և մահից անմիջապես հետո միսիոներները սկսել են հրաշքներ նկատել: Մահացած աղջկա դեմքի սպիներն անհետացել են, և հուղարկավորությունից հետո նա շատերին է հայտնվել: Սակայն իսկական իրարանցումը սկսվեց 2006թ., երբ կիսով չափ հնդկացի մի 5-ամյա երեխա ընկել էր բասկետբոլ խաղալիս և պոտենցիալ մահացու ինֆեկցիայով վարակվել: Այդ ժամանակ տեղի միանձնուհիներից մեկը աղոթքով դիմեց Կատերիին, և երեխան առողջացավ: Դա անգամ Վատիկանի չափանիշներով կարելի է համարել հրաշք:









































