Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ`գերմանական Die Zeit թերթի ինտերնետային կայքում հրապարակվել է Թուրքիայի «զրո խնդիր` հարևանների հետ» քաղաքականության վերաբերյալ Միխայիլ Թումանի հոդվածը:
Իր հոդվածում Թումանը գրում է, որ «զրո խնդիր` հարևանների հետ» քաղաքականությունը մոտենում է իր ավարտին.
«Որոշ ժամանակ Թուրքիան Մերձավոր Արևելքի ամենախաղաղ և հանգիստ կղզին էր և օրինակ էր ծառայում մյուսների համար: Մինչդեռ ներկայիս Թուրքիան նման չէ այդ Թուրքիային: Սիրիայից արձակված արկերից զոհվում են թուրք հողագործները, միևնույն ժամանակ վատթարացել են Ռուսաստանի, Իրաքի և Իրանի հետ Թուրքիայի հարաբերությունները: Թուրքիան ինքն իրենից առաջ է ընկել:
Թուրքիայի միջնորդական առաքելությունները որևէ օգուտ չեն տալիս: Այն կրկին վերածվում է արևմուտքի ու արևելքի միջև ընկած ճակատային երկրի: Մինչդեռ այդ երկիրը Խորհրդային Միության փլուզումից հետո երկար ժամանակ չի ցանկացել ևս մեկ անգամ վերածվել ճակատային երկրի»:










































