Twitter միկրոբլոգների ծառայության ղեկավարությունը դատարանի սպառնալիքի ներքո համաձայնել է ջնջել հակասեմիտական պարունակությամբ գրառումները: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը:
Այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հրեա ուսանողների ֆրանսիական միությունը դատական հայց է ներկայացրել Twitter-ի դեմ՝ կապված միկրոբլոգներում հակասեմիտական կատակների և պատկերների տարածման հետ, որոնց օգտատերերը կցել էին #UnBonJuif («լավ հրեա») հեշթեգը: Հոկտեմբերի 10-ին այդ հեշթեգը հայտնվել է Twitter-ի ֆրանսիական հատվածի թրենդների շարքի երրորդ տեղում:
Ավելի վաղ միկրոբլոգների ցանցում տարածվող համասեմիտական կատակների առնչությամբ իրենց դժգոհությունն էին արտահայտել մի շարք ֆրանսիացի իրավապաշտպաններ և հակառասիստական կազմակերպություններ, մասնավորապես՝ SOS Racisme-ը: Հաղորդվում է, որ դրանցից մի քանիսը նույնիսկ մտադիր են եղել դատական հայց ներկայացնել ծառայության դեմ:
2012-ի հունվարին Twitter-ի ղեկավարությունը հայտարարել էր, որ ծառայությունը կսկսի թուիթները չցուցադրել այն երկրներում, որտեղ դրանց պարունակությունը խախտում է տեղի օրենքները: Որպես օրինակ էր բերվել Ֆրանսիան, որտեղ արգելված է նացիզմի և հակասեմիտականության պրոպագանդան:
Հոկտեմբերի 18-ին Twitter-ն առաջին անգամ դիմել է նման գրաքննության՝ Գերմանիայում արգելափակելով «Լավագույն Հանովեր» կազմակերպության օգտահաշիվը, որը տեղի իշխանությունները ճանաչել էին որպես նեոնացիստական:









































