ԵՄ 27 երկրների նախագահները և կառավարությունների ղեկավարները հավանություն են տվել Սիրիայի դեմ պատժամիջոցների նոր փաթեթին: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով ԵՄ խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյի հայտարարությունը:
«Մենք պաշտպանել ենք արտգործնախարարների կողմից հավանության արժանացած Սիրիայի դեմ նոր պատժամիջոցները»,- ասել է նա լրագրողներին Բրյուսելում:
ԵՄ արտգործնախարարների խորհուրդը երկուշաբթի Լյուքսեմբուրգում ընդունել էր Սիրիայի դեմ պատժամիջոցների հերթական` 19-րդ փաթեթը: Մասնավորապես դրանով արգելք է դրվում Սիրիայից ԵՄ զենք ներմուծելու և զենքի սիրիական տեղափոխման գործում ցանկացած մասնակցության վրա: ԵՄ խորհրդի քաղաքացիներին և ընկերություններին արգելվում է ֆինանսական ծառայություններ մատուցել՝ կապված սիրիական զենքի արտահանման հետ, այդ թվում` ապահովագրական ծառայություններ:
ԵՄ ֆիզիկական և իրավաբանական անձանց արգելվում է մասնակցել Սիրիայի ռազմական համագործակցությանը երրորդ երկրի հետ, ինչը կդիտվի որպես աջակցություն Սիրիայի իշխանություններին:
Բացի այդ, ԵՄ արտգործնախարարները ընդլայնել են այն ֆիզիկական և իրավաբանական անձանց «սև ցուցակը», ում հաշիվները ԵՄ երկրներում կսառեցվեն և նրանց կարգելվի մուտք գործել ԵՄ տարածք: Ցուցակի մեջ ներառվել են ևս 28 սիրիացի պաշտոնյաներ և երկու ընկերություն:
Բացի այդ, ԵՄ արտաքին գործերի խորհուրդը արգելել է ԵՄ երկրներում սիրիական Syrian Arab Airlines ավիաընկերության թռիչքներն ու վայրէջքը:







































