«Զվարթնոց» օդանավակայանը հոկտեմբերի 19-ին կրկին դադարեցրել էր «Արմավիա» ավիաընկերության չվերթերի սպասարկումը: Հետո դրանք կրկին վերականգնվեցին, քանի որ «Արմավիան» խոստացել էր վճարել անհրաժեշտ գումարը, որ օդանավակայանին կգոհացներ ընթացիկ պարտքի կառավարելիության տեսանկյունից: Արդեն երեք օր է, ինչ «Զվարթնոցն» ու «Արմավիան» չեն կարողանում պարզել ֆինանսական խնդիրները, և չվերթերը մեկ դադարեցվում են, մեկ վերսկսվում՝ ի վերջո, անհարմար դրության մեջ դնելով սպառողին:
Դժվար է ասել, թե որքան կտևի այս համաձայնությունը` քանի ժամ, օր կամ շաբաթ ու ամիս: Սակայն երևի թե քչերն են կասկածում, որ իրավիճակը վաղ թե ուշ նորից կրկնվելու է, քանի որ այն ընդամենը հայկական քաղավիացիայում տիրող անոմալ վիճակի հետևանք է, ոչ թե պատճառ: Պատճառները ավելի խորքային են, համակարգային, պատճառներն ընկած են թե՛ մասնավորապես քաղավիացիայի, թե՛ ընդհանուր պետական կառավարման հանդեպ ոչ ադեկվատ մոտեցումների, Հայաստանում երկու տասնամյակ շարունակ դեգրադացվող կառավարման որակի հիմքում:
«Արմավիա»-ի շուրջ ստեղծված «մուկնուկատու» վիճակից, բնականաբար, տուժում է ուղևորը, սակայն արդեն՝ ոչ միայն նա: Սրանից տուժում է նաև պետությունը, որովհետև երբ տվյալ պետության մեջ օդանավակայանը պարտքերի պատճառով պարբերաբար դադարեցնում է Ազգային ավիափոխադրողի չվերթերի սպասարկումը, իսկ այդ ավիափոխադրողն էլ չի կարողանում որևէ տրամաբանական լուծում տալ իր ֆինանսական վիճակին, հանդես գալ որևէ հասկանալի բացատրությամբ, ապա դա արդեն պետության համար ուղղակի ամոթալի վիճակ է: Խոսքը վերաբերում է Հայաստանի Հանրապետության համար ռազմավարական նշանակության ոլորտի: Ամոթալի վիճակ է այդ ոլորտում ընդհանրապես:
Ցանկացած երկրում ավիացիան պետական և ազգային բրենդերից մեկն է: Երկիրը ճանաչում են նաև ավիացիայով, Ազգային ավիաընկերությամբ, և այդ ավիաընկերության հեղինակությունը զգալիորեն նաև երկրի հեղինակությունն է: Եվ այս ամենով հասկանալի է, թե «Արմավիա»-ի շուրջ ստեղծված ներկայիս վիճակում ինչպիսի խայտառակ դրության մեջ է հայտնվում պետությունը: Սակայն պետությունը, պետական պատկան գերատեսչությունները կարծես թե չեն շտապում միջամտել իրավիճակին և հանգուցալուծում տալ դրան՝ մի կողմից պաշտպանելով սպառողների շահերը և ուղևորներին հանելով այս ուղղակի անտրամաբանական, անհեթեթ իրավիճակում տուժողի կարգավիճակից, մյուս կողմից էլ՝ ուղղակի փրկելով երկրի հեղինակությունը այն խայտառակ իրադրություններից, որում Ազգային ավիափոխադրողը հայտնվում է վերջին շրջանում հաճախակի պարբերականությամբ:
Արդեն ոչ թե խնդիրներն են դարձել ոլորտում ժամանակավոր, այլ լուծումները: Այսինքն՝ խնդիրները հարատև են, և դրանցում երբեմն-երբեմն լինում են լուծումներ: Սա պարզապես աբսուրդ է, իսկ նկատի ունենալով, որ խոսքը պետության և կարևոր ռազմավարական ոլորտի մասին է, իրավիճակը պարզապես բնութագրվում է որպես խայտառակություն:
Ինչպես հայտնի է, «Արմավիա»-ի սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը հայտարարել է ընկերությունը վաճառելու մտադրության մասին: Եթե վաճառքն էլ Բաղդասարովն իրականացնի այնպես, ինչպես, ըստ էության, կառավարումն է իրականացվել, երբ ընկերությունը համատարած պարտքերի մեջ է հայտնվել, ապա այստեղ Հայաստանի Հանրապետությունը կանգնում է լուրջ ռիսկերի առաջ: Եվ անկասկած է, որ այստեղ պետությունը պետք է անմիջական միջամտություն ցուցաբերի նույնիսկ Ազգային ավիափոխադրող ընկերության վաճառքին՝ հետագայում նման տհաճ իրավիճակները և ամոթալի դրսևորումները բացառելու և, վերջապես, երկրի համար օդային քաղաքակիրթ և ներկայանալի, հուսալի և կայուն բրենդ ձևավորելու համար:









































