Տուբերկուլյոզն արմատախիլ անելու միջազգային բոլոր փորձերն անպտուղ կարող են լինել: Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Առողջապահության համաշախարհային կազմակերպությունը:
«Վերջին հաշվետվությունները ցույց են տվել, որ 2011 թ. գրանցվել է հիվանդության 8,7 մլն նոր դեպք ու 1,4 մլն մահ»,– հաղորդում է BBC-ն:
Դա վկայում է այն մասին, որ բժիշկներն ի վիճակի չեն հակաբորբոքային դեղամիջոցներով հաղթահարել հիվանդությունը:
TB Alliance կազմակերպությունը հիվանդության այս տեսակն անվանել է «համաշխարհային ամենավտանգավոր սպառնալիքը»: Նախնական հաշվարկների համաձայն՝ 5 հիվանդներից 1-ի մոտ տուբերկուլյոզը դիմադրություն է ցուցաբերում դեղերի նկատմամբ:
Մոտակա ժամանակներում նոր պատվաստանյութ ստանալու հույս դեռևս չկա: Հիվանդությունը բարդ է ու հնարավոր է, որ անհրաժեշտ է միանգամից մի քանի պատվաստանյութ:
Նոր սերնդի պատվաստանյութի մասին առաջին տվյալները հայտնի կլինեն միայն հաջորդ տարի, երբ դրանք հրապարակի Օքսֆորդի համալսարանը:
ԱՀԿ–ից բժիշկ Մարիո Ռավիգլինոեն փաստում է, որ վերջին 17 տարում հաջողվել է փրկել ավելի քան 20 մլն մարդու, սակայն հիմա աշխարհը կանգնած է սահմանագծին՝ կա՛մ տուբերկուլյոզը կհաղթահարվի, կա՛մ այն կկործանի մարդկությանը:








































