Ֆրանսիան հնարավոր է համարում Սիրիայի վրա ոչ թռիչքային գոտի հաստատելու տարբերակը՝ լուրջ իրավաբանական հիմքերի առկայության դեպքում: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Ֆիլիպ Լալիոն:
Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով արևմտյան ԶԼՄ-ները, երեկ ԱՄՆ պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը հայտարարել էր, որ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը գործընկերների հետ քննարկում է Սիրիայի վրա ոչ թռիչքային գոտի ստեղծելու հնարավորությունը:
«Ինչ վերաբերում է ոչ թռիչքային գոտուն, արտգործնախարարը շատ հստակ է արտահայտվել: Նա չի բացառել ոչ մի գործողություն, սակայն պնդել է, որ անհրաժեշտ են լուրջ իրավական հիմքեր»,- ասել է Լալիոն Փարիզում տեղի ունեցած մամլո ասուլիսում:
Ավելի վաղ Ֆրանսիայի իշխանությունները բազմիցս հայտարարել էին, որ Սիրիայում արտաքին միջամտությունը հնարավոր չէ առանց ՄԱԿ-ի ԱԽ համապատասխան բանաձևի:








































