Իրանական ծագմամբ ամերիկացի Մանսուր Արբաբսիարը Նյու Յորքի դաշնային դատարանում հայտարարել է, որ իրեն մեղավոր է ճանաչում` Վաշինգտոնում Սաուդյան Արաբիայի դեսպան Ադել ալ-Ջուբեյրի սպանության նպատակով դավադրությանը մասնակից լինելու մեջ:
Սաուդացի դեսպանի դեմ ահաբեկչական դավադրության բացահայտման մասին հայտարարվել էր 2011 թվականի հոկտեմբերի 11-ին: ԱՄՆ-ի իրավապահ մարմինների տվյալներով` գործի մասնակիցները կապեր են ունեցել իրանական անվտանգության ուժերի հետ:
Արբաբսիարը իբր թե համագործակցել է Իսլամական հեղափոխության պահակազորի հետ: Ծագումով Իրանից ևս մեկը` Գոլյամ Շակուրին, քննության տվյալներով, աշխատել է պահակազորի կազմի մեջ մտնող Ալ-Կուդս հատուկ ծառայությունում:
Արբաբսիարը ձերբակալվել էր Նյու Յորքի Քենեդու անվան օդանավակայնում 2011-ի սեպտենբերի 29-ին, Շակուրին մինչ օրս գտնվում է հետախուզման մեջ:
Հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած լսումների ժամանակ, 58-ամյա Արբաբսիարը, պատասխանելով դատախազի հարցին, հաստատել է, որ դավադրությանը մասնակցել են Իրանի զինված ուժերի ներկայացուցիչները: Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Նա խոսոտվանել է, որ պատրաստ էր 1,5 մլն վճարել ոմն մեքսիկացի թմրաառևտրականի, որպեսզի վերջինս իրականացներ սաուդացի դեսպանի սպանությունը` պայթյուն իրականացնելով վաշինգտոնյան ռեստորաններից մեկում:
Որպես կանխավճար՝ ամերիկյան բանկերից մեկի հաշվին է փոխանցվել 100 հազար դոլար: Ինչպես պարզվել է, «թմրաառևտրականի» դերում եղել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալը:
Արբաբսիարի դեմ ներկայացվել են մի քանի մեղադրանքներ, այդ թվում դավադրության`ահաբեկչության իրականացմամբ՝ օտարերկրյա պաշտոնական անձի սպանության նպատակով:
Ինչպես սպասվում է` նրա դեմ դատը կսկսվի 2013-ի հունվարին: Նրան սպառնում է ազատազրկում` մինչև 25 տարի ժամկետով:
ԱՄՆ-ն մեղադրել է իրանական իշխանություններին ահաբեկչության նախապատրաստմանը մասնակից լինելու մեջ: Պաշտոնական Թեհրանը վճռականորեն հերքել է մեղադրանքները:
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը «ներկայացում» է անվանել սաուդացի դեսպանի մահափորձի նախապատրաստումը, որը, նրա խոսքով` ուղղված է միջազգային հանրության աչքում Իսլամական հանրապետությանը վարկաբեկելու ԱՄՆ-ի հերթական փորձին:









































