Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում այսօր ավարտվեց Լիլիթ Սարգսյանի գործի դատավարությունը: Նախագահող դատավոր Սուրիկ Կոստանյանը հրապարակեց դատավճիռը: Դահլիճում մեղադրողը, ամբաստանյալը և տուժողն էին: Ամբաստանյալն ու տուժողն էլ միմյանց դեմ թշնամացած ու չարացած հակառակորդներ չէին: Մինչև դեպքը ամուսիններ էին: Դեպքից հետո էլ մնացել էին ամուսիններ:
Այս գործով դատարանի դահլիճ մտնելուց առաջ պատկերացնում էի, թե ամբաստանյալի և տուժողի տեղերում նախկին ամուսինների պիտի տեսնեմ, յուրաքանչյուրին՝ իր աղմկոտ հարազատության հետ, յուրաքանչյուրին՝ իր վիրավորվածության ու անհաշտության օղակով օղակված, միայն դիմացինին մեղադրող ու ընտանեկան բոլոր մանրուքները մեջտեղ հանող: Երբ ներընտանեկան ինչ-որ հանցավոր արարք, բռնության որևէ դրսևորում հասնում է դատարանում քննվելու փուլին, ավելի հաճախ կողմերի փոխադարձ անհանդուրժողականությունն է ի ցույց հանվում լիովին: Դատարանի դահլիճը երկփեղկվում է, մթնոլորտը՝ ծանրանում՝ շնչահեղձ անելու աստիճանի:
Այսօրվա գործն արտառոց էր նախ նրանով, որ ընտանեկան բռնությունն առերևույթ կիրառվել էր կնոջ կողմից: Կինը՝ 24-ամյա Լիլիթ Սարգսյանն էր մեղադրվում հանցավոր արարք գործելու համար, իսկ ամուսինը՝ Հարությունը, բռնության ենթարկվածն էր: Միայն թե կնոջ կողմից բռնության գործադրումը եղել էր ներընտանեկան երկարատև ճգնաժամի ու բուռն բախման ավարտական ակորդը, ամուսնու հակաբարոյական պահվածքի դեմ կնոջ հուսահատ ընդվզումը:
Հարությունը հիվանդագին թուլություն ուներ ալկոհոլի նկատմամբ: Եվ այդ կախվածությունը խախտում էր նրա ընտանիքի անդորրը, անընդհատ լարված վիճակում պահում կնոջը՝ Լիլիթին ու ընտանիքում մեծացող երեք անչափահաս երեխաներին: Ուրեմն, ի սկզբանե բռնացողը եղել էր ամուսինը՝ հարբեցողությամբ ու դրանից բխող բոլոր բացասական դրսևորումներով:
2012 թվականի ապրիլի 28-ին, ժամը 18-ն անց 30 րոպեին Հարությունը մեկ շիշ օղի էր դատարկել Շիրակի փողոցում գտնվող իրենց բնակարանում: Ապա կնոջից նորից խմիչք էր պահանջել: Երեխայի հետ պառկած Լիլիթը չէր արձագանքել: Ալկոհոլի պահանջից կուրացած Հարությունը հարվածել էր նրան: Ու այդ պահին լցվել էր Լիլիթի համբերության բաժակը: Նա սեղանին դրված բաժակով հարվածել էր Հարությունի գլխին: Տեսնելով, որ անկառավարելի թվացող ամուսինը մղվում է առաջ, ու այլևս չկարողանալով զսպել իրեն՝ Լիլիթը վախից ու հուսահատությունից ձեռքն էր առել նաև դանակն ու երկու հարված հասցրել Հարությունին: Խփել էր մեջքին ու գոտկատեղի շրջանին: Ապա հենց ինքն էլ շտապօգնություն էր կանչել ու առաջին օգնություն ցույց տվել տուժածին:
Լիլիթի հարվածներից Հարությունը կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ էր ստացել: Նա սկզբում հիվանդանոցում ապաքինել էր այդ վնասվածքները, ապա մասնագիտական հիվանդանոցում բուժվել ալկոհոլամոլությունից:
Նախաքննական մարմինը Լիլիթ Սարգսյանին մեղադրանք էր առաջադրել դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով: Նկատի ունենալով դեպքից անմիջապես հետո Լիլիթի դրսևորած վարքագիծը, տուժողին ցուցաբերած օգնությունը, խնամքին երեք անչափահաս երեխա ունենալը՝ որպես խափանման միջոց էր ընտրվել բնակավայրից չհեռանալու մասին ստորագրությունը: Լիլիթը մնացել էր երեխաների կողքին: Նաև՝ բուժվող Հարությունի կողքին: Որովհետև, ճիշտ է, դեպքի օրն ընդվզել էր, այլևս չէր դիմացել, բայց հետո, սթափվելով, որոշել էր չլքել նրան, մնալ կողքին և դուրս քաշել կործանարար ճահճից:
Հարությունն էլ դեպքից հետո սթափվելով՝ չէր չարացել, Լիլիթի կողքին մնալու, նրա բռնկման մեջ մեղքի իր բաժինը գիտակցելու կարողություն էր ունեցել:
Ահա թե ինչու նրանք դատարան գալիս էին միասին, մնում էին կողք կողքի ու հեռանում էին համերաշխ:
Դատավճռի հրապարակման օրն էլ երկուսով եկան դատարան, դահլիճում երկուսով կանգնեցին ու նայեցին Լիլիթի ճակատագիրը որոշող դատավճիռն ընթերցող դատավորին:
Մեղադրողը միջնորդել էր երեք տարի ազատազրկման դատապարտել Լիլիթին. ի վերջո, դանակով կատարված հանցագործությունների, հատկապես ծանր մարմնական վնասվածք հասցնելու համար միայն ազատազրկման ձևով պատիժ սահմանելու դատական պրակտիկա է ձևավորվում այսօր: Այդ դիրքորոշումն է արտահայտել Վճռաբեկ դատարանը իր որոշումներում: Սակայն լինում են նաև բացառիկ հանգամանքներ, որոնք կարող են թույլ տալ, որ անգամ դանակ գործադրած և տուժողի առողջությանը ծանր վնաս հասցրած հանցավորի նկատմամբ առավել մեղմ պատիժ սահմանվի, ու դա արվի օրենքի շրջանակներում:
Դատավոր Սուրիկ Կոստանյանը Լիլիթ Սարգսյանին մեղավոր ճանաչեց առաջադրված մեղադրանքում և նրա նկատմամբ պայմանական դատապարտություն կիրառեց՝ սահմանելով մեկ տարի փորձաշրջան: Հաշվի առնվեց տուժողի հակաբարոյական վարքագիծը, ամբաստանյալի խնամքին երեք անչափահաս երեխաների առկայությունը, կողմերի հաշտությունն ու Լիլիթի հանդեպ հնարավորինս մեղմ լինելու՝ տուժողի խնդրանքը:
Դատավճռի հրապարակումից հետո դատապարտյալ Լիլիթն ու տուժող Հարությունը նիստերի քարտուղարից ճշտեցին, թե ինչ է նշանակում «պայմանական դատապարտություն»: Լսելով բացատրությունը և հասկանալով, որ Լիլիթը չի ազատազրկվելու, եթե, իհարկե, դատավճիռը չբողոքարկվի, չբեկանվի և ուժի մեջ մտնի, ամուսինները շնորհակալություն հայտնեցին ու տուն գնացին: Կողք կողքի: Ու միասին:









































