Մարդիկ, որոնք սիրում են պառկել բազմոցին և հեռուստացույց դիտել, պետք է իմանան, որ նման դիրքով անցկացրած յուրաքանչյուր ժամը կյանքից 22 րոպե է խլում: Այս մասին հայտնում է Business Line-ը՝ հղում կատարելով ավստրալացի գիտնականների հետազոտությանը:
Ընդհանուր առմամբ, հեռուստացույց դիտելը 25 տարեկանից բարձր մարդկանց զրկում է 4,8 տարվա կյանքից: Նման եզրակացություն է արվել՝ ելնելով այն բանից, որ մարդը օրական հեռուստացույց է դիտում միջինը 6 ժամ: Վերահսկվող խմբի համար ընտրվել են ընդհանրապես հեռուստահաղորդումներ չդիտող մարդիկ:
Կիրառելով Վիճակագրության ազգային բյուրոյի տվյալներն ու դիաբետի, ճարպակալման և կենսակերպին առնչվող թեմաներով ավստրալացի գիտնականների անցկացրած հետազոտության արդյունքները` գիտնականները կազմել են հեռուստացույց դիտող ավստրալացիների կյանքի միջին վիճակագրական տևողության աղյուսակը:
Ստացվել է, որ հեռուստացույց դիտելը կարելի է համեմատել ֆիզիկական ակտիվության բացակայության, ծխելու և ճարպակալման հետ: Փորձագետների խոսքով՝ հեռուստահաղորդումների դիտումը երբեմն ուղեկցվում է վնասակար սննդի օգտագործմամբ, ինչը էլ ավելի է բարդացնում հարցը:







































