Գվատեմալայի գործող նախագահ Օտտո Պերես Մոլինայի դեմ կարող է քրեական հետապնդում սկսվել՝ կապված ընդդիմության կողմից նրա հասցեին հնչեցվող մեղադրանքների հետ, որոնք վերաբերում են այս տարվա հոկտեմբերի սկզբին մի քանի գյուղացիների նկատմամբ արտադատական դաժան պատժի մասնակից լինելուն: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Univision հեռուստաալիքին:
Խոսքը հոկտեմբերի 4-ին ֆերմերների բողոքի ակցիայի ժամանակ գրանցված մահվան 6 դեպքերի մասին է: Եվս 34 մարդ վիրավորվել էր:
Ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցությունը այս առնչությամբ դիմել է Գերագույն դատարան: Հայցում, նախագահից բացի, որպես միջադեպի պատասխանատու՝ նշվում է նաև պաշտպանության նախարար Ուլիսես Անսուետոյի անունը, քանի որ բողոքի ակցիայի ճնշումն իրականացրել են զինծառայողները, այլ ոչ թե ոստիկանության ծառայողները:
Ներկայացված հայցի ճակատագիրը դեռևս անհայտ է: Մոտ օրերս Գերագույն դատարանը կորոշի՝ ունի՞ հայտարարությունը դիտարկման համար հիմք, թե՞ ոչ:









































