Հոկտեմբերի 16-ն անկախ Հայաստանի տարեգրության մեջ թերևս պետք է իր ուրույն տեղն ունենար՝ որպես նշանակալից պատմական իրադարձություն։ Վերջին հաշվով, այդ օրը` 21 տարի առաջ, հայ ժողովուրդն առաջին անգամ իր կամքով ընտրեց իր նախագահին, իր պետության առաջին դեմքին։ Ընդ որում, ընտրեց բառի բուն իմաստով, այսինքն նախագահն ընտրվեց իսկապես ժողովրդական քվեարկության շնորհիվ։ Այդ իմաստով, հոկտեմբերի 16-ն, ըստ էության, պետք է լիներ Հայաստանի Անկախության տոնին հավասարազոր մի օրացուցային օր, որն, իհարկե, ավելի շատ պետք է ունենար անկախության աշխատանքային իմաստ` այսինքն քաղաքացին այդ օրը իրացնում էր իր անկախությունը, գործնականում էր իրացնում, ոչ թե տոնական կենացներով։
Սակայն, հոկտեմբերի 16-ն այսօր հիշում են շատ քչերը, և հիմնականում հիշում են անհատի պաշտամունքի շրջանակում։ Դա խոսում է այն մասին, որ անկախության իրացման այդ քաղաքացիական ակտը Հայաստանի պատմության մեջ այդպես էլ մնաց եզակի։ Դրանից հետո տեղի ունեցան միմիայն բռնության ակտեր, Հայաստանի քաղաքացու հանդեպ բռնության ակտեր, երբ անկախ Հայաստանի իշխանությունը թույլ չէր տալիս քաղաքացուն կրկնել այն, ինչ տեղի ունեցավ հոկտեմբերի 16-ին։
1991 թվականի նախագահական ընտրություններից հետո, որ տեղի ունեցավ այս օրը, Հայաստանում, ըստ էության, սկսվեց ընտրությունների կեղծման պատմությունը, և տարիների հետ այդ պատմությունը դարձավ ավելի տխուր, ավելի սանձարձակ, ավելի ցինիկ, ավելի դաժան։ Ընդ որում՝ առավել քան տխուր ու դաժան է այն, որ այդ արատավոր շղթան սկսեց այն ուժը, որը հենց հոկտեմբերի 16-ին առաջին անգամ իշխանություն էր ստացել ժողովրդական քվեի միջոցով։ 1995, 1996, 1998, նույնիսկ՝ 1999, 2003, 2007 և 2008, 2012. սրանք այն տարեթվերն են, երբ Հայաստանում բռնությամբ ու կեղծիքով, տարբեր մանիպուլյացիաների միջոցով էական հարվածներ են հասցվել պետությանը, քաղաքացուն, քաղաքացիական արժանապատվությանը, քաղաքական համակարգին, Հայաստանի ապագային։ Այսօր մենք պատրաստվում ենք հերթական տարեթվին` 2013-ին, և պետք է խոստովանել, որ, մեղմ ասած, մեծ է հավանականությունը, որ 2013-ը գալու և համալրելու է մինչ այդ թվարկածների շարքը։ Գալու է, որովհետև Հայաստանում համալիր քաղաքական գնահատականի չեն արժանացել նախորդ կեղծված ընտրությունները՝ ոչ մեկը։ Ամեն մեկը դատապարտել է այն, ինչ իր հանդեպ են արել, իսկ ինչ ինքն է արել` ըստ էության, մնացել է անդատապարտելի։ Եվ ներկայումս էլ գրեթե նույն վիճակն է, եթե նկատի առնենք այն, որ այսօր էլ իշխող նախագահ Սերժ Սարգսյանի ամենահավանական մրցակիցը լինելու է մի մարդ, ով նախորդ կեղծված ընտրությունների արդարացնողներից մեկն էր` Վարդան Օսկանյանը, և որը մինչև այսօր խուսափում է այդ ընտրությունների հստակ գնահատականից։
Ահա թե ինչու հոկտեմբերի 16-ը Հայաստանում չի դառնում օրացուցային մի այնպիսի օր, երբ մենք բոլորս կհիշենք ու կհպարտանանք մեր պետությամբ, մեր քաղաքացիականությամբ, կունենանք արժանապատվության և հպարտության զգացում։ Հոկտեմբերի 16-ը չի հիշում ոչ ոք, որովհետև անկախ Հայաստանի նախագահներն ու նրանց շքախմբերը 20 տարի շարունակ զբաղվել են ընդամենն անկախ Հայաստանի քաղաքացու հիշողությունը ջնջելու գործով։










































