Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության ինստիտուտի կայացմանը նպաստելու նպատակով ստեղծված Ազգային ժողովի աշխատանքային խումբը հոկտեմբերի 16-ին հանդիպում է ունեցել Պորտուգալիայի կրթության նախարարության ներառական կրթության վարչության պետի և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈւՆԻՍԵՖ) ներկայացուցչի տեղակալի հետ: ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ հանդիպման առիթը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության խնդրանքով ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից իրականացված՝ Հայաստանում ապրող հաշմանդամություն ունեցող երեխաների համար ծառայությունների մատչելիության վերաբերյալ հետազոտությունն էր:
Ինչպես նշել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, հետազոտության արդյունքները ներկայացնող աշխատությունն ընթերցելով՝ «առնվազն պետք է քարե սիրտ ունենաս, որ չմտածես բոլորիս պաշտպանության կարիքն ունեցող երեխաներին օգնելու մասին»: Նրա խոսքով՝ նման հետազոտության կարևորությունը մեծացնում է հատկապես այն հանգամանքը, որ Հայաստանը կանգնած է համընդհանուր ներառական կրթության անցնելու շեմին. համապատասխան օրենքն արդեն անցել է առաջին ընթերցում, առաջիկայում կլինեն խորհրդարանական լսումներ:
Ներկայացնելով մանրամասներ հետազոտության վերաբերյալ՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցչի տեղակալ Քրիստինա Ռոչելլան կարևորել է Ազգային ժողովի հետ համագործակցությունը, այն հանգամանքը, որ ներառական կրթության հարցը գտնվում է օրենսդիր մարմնի ուշադրության կենտրոնում: Վերջինիս կարծիքով՝ ոլորտում ճիշտ ռազմավարություն մշակելու համար նախևառաջ կարևոր է պատկերացում ունենալ առկա իրավիճակի մասին, ինչին էլ օգնում է կատարված հետազոտությունը:
Ներառական կրթության ոլորտում իրենց երկրի բազմամյա փորձը և ձեռքբերումները ներկայացրել է Պորտուգալիայի կրթության նախարարության ներառական կրթության վարչության պետ Մարիա Ֆիլոմենա Պերեյրան: Նրա խոսքով՝ ոլորտի կայունացման գործընթացը Պորտուգալիայում պահանջել է տարիներ, նոր գիտելիքների, ֆինանսական միջոցների ներդրում, իսկ արդյունքն այսօր արդեն ակնհայտ է:
Հանդիպման մասնակիցները հետաքրքրվել է համընդհանուր ներառական կրթության անցնելու պորտուգալական փորձով, գործընթացի մանրամասներով, քննարկվեցին ոլորտին վերաբերող մի շարք խնդիրներ:









































