Իրանական Fars News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանն արձագանքել է ԵՄ-ի նոր պատժամիջոցներին: Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Իրանի հանդեպ ԵՄ-ի սահմանած նոր պատժամիջոցները ոչ լեգիտիմ, անտրամաբանական ու հակամարդկային են.
«Տվյալ պատժամիջոցներն ուղղված են իրանական ժողովրդի դեմ՝ միջուկային ծրագրի դադարեցման պատրվակով: Երբ միջուկային բանակցություններն ավարտվեն հաջողությամբ, ապա այդ երկրները կգտնեն այլ պատրվակ՝ Իրանի ժողովրդի վրա ճնշում գործադրելու համար:
Իրանի միջուկային ծրագիրը հնարված պատրվակ է, քանի որ Իրանի դեմ պատժամիջոցների սահմանման գործընթացը սկսվել է դեռևս 32 տարի առաջ՝ Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո, երբ Իրանի միջուկային ծրագրի մասին խոսք անգամ լինել չէր կարող: Մի՞թե ռազմական բնույթ ունեն 32 տարվա ընթացքում սահմանված պատժամիջոցները, որոնք ուղղված են եղել Իրանին մարդատար ինքնաթիռներ ու պահեստամասեր վաճառելու արգելքին:
«Վեցյակը» ցայժմ պատասխան չի տվել Մոսկվայում անցկացված միջուկային բանակցությունների ժամանակ Իրանի արած առաջարկին: «Վեցյակը» նախկինի նման շարունակում է իր սխալ քաղաքականությունը: ԵՄ-ի նոր պատժամիջոցները չեն ազդի Իրանի միջուկային ծրագրի վրա»:










































