Կնեսետը հոկտեմբերի 15-ի ուշ երեկոյան հաստատել է խորհրդարանի արձակման և արտահերթ ընտրությունների նշանակման մասին կառավարության օրինագիծը: Այս մասին հայտնում է Associated Press-ը: Հօգուտ ինքնալուծարման օրինագծի՝ միաձայն քվեարկել են բոլոր ներկա 100 խորհրդարանականները:
Որպես Կնեսետի նոր ընտրությունների անցկացման ամսաթիվ պատգամավորները հաստատել են 2013-ի հունվարի 22-ը: Քննարկմանը նախորդել են բանավեճերը, որի ընթացքում վարաչպետ Բենյամին Նեթանյահուն խոսել է երկրի կառավարության նվաճումների մասին, իսկ ընդդիմությունը, իր հերթին, կոշտ քննադատություն է հնչեցրել:
Կնեսետի ներկա կազմն արձակելու և արտահերթ ընտրություններ անցկացնելու մտադրության մասին Նեթանյահուն հայտարարել էր հոկտեմբերի 9-ին: Նա այդ քայլին է դիմել` ազգային բյուջեին վերաբերող հարցերի շուրջ երկրի իշխանությունների համաձայնության չգալու պատճառով:









































