Գյումրու քաղաքապետարանի «Առավոտ»-ի աղբյուրների տեղեկացմամբ, քաղաքապետ Սամվել Բալասանյանը որոշել է ազատվել Վարդան Ղուկասյանի կադրերից մեկից` տրանսպորտի բաժնի պետ Յուրա Ալեքսանյանից, որը ղեկավարում է ԵԿՄ Շիրակի մարզային կառույցը և գեներալ Մանվելի մտերիմներից է:
Քաղաքապետարանցիների ասելով` Վարդան Ղուկասյանը, ով մշտապես տիրություն է արել ազատամարտիկներին, նրանց ֆինանսապես օգնել, ԵԿՄ-ին տարածք է տրամադրել, նախքան իր հեռանալը տրանսպորտի բաժնի պետ է նշանակել ԵԿՄ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Յուրա Ալեքսանյանին, որպեսզի գոնե այս ձևով կարողանա օգտակար լինել հաշմանդամ ազատամարտիկներին: Հաշվարկելով, որ կարելի է 30 անաշխատունակ ազատամարտիկների որպես դիսպետչեր տեղավորել աշխատանքի, նա այս պաշտոնը հանձնել է Յուրա Ալեքսանյանին: Սակայն Գյումրու նորանշանակ քաղաքապետը ԵԿՄ-ի ղեկավարին առաջարկել է իր կամքով հեռանալ: Սա, ըստ «Առավոտ»-ի աղբյուրների, հարուցել է գեներալ Մանվելի զայրույթը, քանի որ ԵԿՄ-ն ՏԻՄ ընտրությունների ժամանակ պաշտոնապես սատարել է Սամվել Բալասանյանին: Լուրեր են շրջում, որ գեներալը պատրաստվում է այս թեմայի շուրջ բացատրություն պահանջել պարոն Բալասանյանից:










































