Ախթալայի քաղաքապետ, ՀՀԿ-ական Հայկազ Խաչիկյանը երեկ «168 ժամ»-ի թղթակցի հետ զրույցում պնդել է, թե ինքը չի հանդիպել կալանավայրում գտնվող իր եղբորը` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վագգեն Խաչիկյանին, սակայն քիչ անց խոստովանել է, որ մեկ անգամ այցելել է նրան: Հարցին, թե այս ձերբակալվելուց հետո տեսե՞լ եք Վ. Խաչիկյանին, Հ. Խաչիկյանը պատասխանել է. «Չէ, չեմ տեսել»: Հարցին, թե` ցանկությո՞ւն էլ չեք ունեցել նրան տեսնելու, նա պատասխանել է. «Որ ասեմ չէ` կհավատա՞ք»:
Այնուհետև թերթի թղթակիցը հետաքրքրվել է` այսինքն` դիմել եք տեսակցության համար` մերժե՞լ են Ձեզ, ինչին ի պատասխան` Հ. Խաչիկյանն ասել է. «Չէ… Մի անգամ տեսել եմ: Մի քանի օր առաջ»: Հարցին էլ, թե ինչպե՞ս էր իրեն զգում Վագգեն Խաչիկյանը, նա պատասխանել է. «Լավ, լավ»:








































