ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, շաբաթ օրը ելույթ ունենալով Երևանում ընթացող Հայկական տնտեսագիտական միության տարեկան գիտաժողովի բացմանը, ուշագրավ հայտարարություն է արել Հայաստանում աղքատության վերաբերյալ:
«Մենք պետք է կարողանանք հաղթահարել աղքատությունը ՀՀ-ում, որի տեսակարար կշիռը շուրջ 30 տոկոս է, և դա վտանգավոր ցուցանիշ է մեզ համար»,- ասել է նա:
Այսինքն, ՀՀ բնակչության մոտ 30 տոկոսը (վերջին պաշտոնական տվյալներով` 35.8 տոկոսը) աղքատ է: «Հայկական ժամանակ»-ը գրում է, որ այս տոկոսը հաշվարկվում է բնակչության պաշտոնական թվից` 3 միլիոնից: Ստացվում է, որ Հայաստանում աղքատության գծից ցածր ապրում է ավելի քան մեկ միլիոն մարդ: Իհարկե, հաշվի առնելով, որ բնակչության իրական թիվը ավելի փոքր է` 2.5-2.7 միլիոն, Հայաստանում աղքատության մակարդակն իրականում զգալիորեն ավելի բարձր է: Բայց ավելի կարևոր է այն, որ աղքատությունն օրեցօր խորանում է: 2001 թվականի հուլիսին Փարիզում դոնոր երկրների ու կազմակերպությունների հետ հանդիպման ժամանակ Համաշխարհային բանկի հայաստանյան ներկայացուցիչ Օուեյս Սաադաթը հայտարարել էր, թե Հայաստանում աղքատների թիվը 680 հազար է:




































