Մավրիտանիայի նախագահ Մոհամմեդ Ուլդ Աբդել Ազիզը հրազենային վնասվածքով հոսպիտալացվել է. զինվորական պարեկը երկրի մայրաքաղաք Նուակշոտում պատահաբար կրակ է բացել նախագահի ավտոշարասյան ուղղությամբ: Այս մասին հայտնում է BBC-ն: Ներկայում նախագահը գտնվում է զինվորական հիվանդանոցում: Երկրի կապի նախարար Համդի Ուլդ Մահջուբը հայտարարել է, որ նախագահի կյանքին վտանգ չի սպառնում:
Սկզբում հաղորդվում էր, որ նախագահի ավտոշարասյան ուղղությամբ կրակ է արձակել հարևան մեքենայից անծանոթ տղամարդը, սակայն այնուհետև պարզվել է, որ կրակը բացել է պետության ղեկավարի մեքենան չճանաչած զինվորական պարեկը:
Դեպքը տեղի է ունեցել մայրաքաղաքից 40 կմ հյուսիս, երբ Մավրիտանիայի նախագահը վերադառնում էր աշխատանքային այցից: Reuters-ի փոխանցմամբ` վնասվել է նախագահի ձեռքը:
Հիշեցնենք. Աբդել Ազիզը 2009-ի հուլիսին հաղթել է նախագահական ընտրություններում, իսկ մինչ այդ գլխավորել զինվորական խունտան, որն իշխանության է եկել 2008-ի օգոստոսին: Հեղաշրջման պատճառը Մավրիտանիայի զինված ուժերի ղեկավարությանը հեռացնելու նախագահի մտադրությունն էր:









































