Հունաստանում պաշտոնական այցով գտնվող Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը և Հունահայոց թեմի առաջնորդական տեղապահ Տ. Խորեն աբեղա Առաքելյանը հոկտեմբերի 10-ին այցելել է Հույն Ուղղափառ Եկեղեցու Սինոդ, ուր հանդիպում է ունեցել Սինոդի ընդհանուր քարտուղար Գաբրիել եպիսկոպոսի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու Եկեղեցիների հարաբերությունների զարգացմանը և փոխգործակցության խորացմանն առնչվող մի շարք հարցեր, խաղաղության պահպանությանն ուղղված համատեղ գործակցության և հոգևոր-կրթական հաստատությունների սաների փոխանակման ծրագրեր:
Նույն օրը Հովակիմ Սրբազանն ու Հայր Խորենն այցելել են նաև Աթենքի և Համայն Հունաստանի արքեպիսկոպոս Հերոնիմոսին: Սրբազան Հայրը Հերոնիմոս արքեպիսկոպոսին փոխանցել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եղբայրական ողջույնները: Արքեպիսկոպոսն իր խոսքում նշել է, որ շատ բարձր է գնահատում երկու Եկեղեցիների փոխհարաբերությունները:







































