Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ այն բանից հետո, ինչ Թուրքիայի խորհրդարանը հոկտեմբերի 4-ին հավանության արժանացրեց Սիրիայի դեմ անդրսահմանային օպերացիաներ անցկացնելու ժամկետը, Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը 250 տանկ է տեղակայել Սիրիայի հետ սահմանին:
Դրանք մասնավորապես տեղակայվել են Շանլըուրֆա (Ուրֆա), Մարդին և Գազիանթեփ (Այնթափ) նահանգներում: Բացի այդ, այստեղ են տեղակայվել «Ֆըրթընա» (Փոթորիկ) հաուբիցները, որոնց գործունեության հեռահարությունը 40 կիլոմետր է:
Դիարբեքիրի ավիաբազան երեկ համալրվել է Չանաքքալեից (Դարդանել), Քոնյայից ու Ամասիայից բերված F-16 տիպի 15 մարտական ինքնաթիռներով: Դրանով իսկ Դիարբեքիրի ավիաբազայում եղած մարտական ինքնաթիռների քանակը հասցվել է 55-ի:
Այդ գործողություններն ուղղված են թուրքական սահմանի անվտանգության ապահովմանը և չեն հանդիսանում Սիրիայի տարածքում ռազմական գործողություններ սկսելու նախապատրաստություն:










































