Տեստոստերոնի մակարդակի բարձրացումը տղամարդկանց ավելի ճշմարտախոս է դարձրել, հայտնում է EurekAlert!-ը: Համապատասխան արդյունքը ստացվել է գերմանացի և հոլանդացի գիտնականների միջազգային խմբի հետազոտության արդյունքում: Խումբը ղեկավարել է Արմին Ֆալկը: Հետազոտողների հոդվածը հրապարակված է PloS ONE ամսագրում:
Փորձին մասնակցելու համար խումբը հրավիրել է 91 առողջ տղամարդու: 46 կամավորներ մաշկի վրա լցրել են 50 միլիգրամ տղամարդու տեստոստերոն հորմոն պարունակող գել: Մյուսներին պլացեբո են տվել: Գելի օգտագործման հաջորդ օրը Բոննի համալսարանին կից հիվանդանոցի էնդոկրինոլոգները չափել են բոլոր մասնակիցների արյան մեջ տեստոստերոնի քանակի փոփոխությունը:
Լաբորատոր հետազոտություններից հետո մասնակիցներին առաջարկվել է փողով զառախաղ խաղալ` պայմանով, որ որքան լավ խաղան` այնքան շատ գումար կվաստակեն: Խաղի արդյունքները կամավորները ներմուծել են համակարգիչ, թույլատրվել է նաև ոչ ճիշտ արդյունքներ ներկայացնել: Այս կերպ տղամարդիկ ստացել են կազմակերպիչներին խաբելով փող վաստակելու հնարավորություն:
Գնահատելով ստացված տվյալները` գիտնականները եզրակացրել են, որ տեստոստերոն ստացած մասնակիցներն ավելի քիչ են խաբել, քան մնացածները:









































