Անգլիացի ժամանակակից նկարիչ Դեմիեն Հերսթի գունազարդած «Կալաշնիկով» ավտոմատը Լոնդոնում բարեգործական աճուրդում վաճառվել է 55 հազար ֆունտով (89 հազար դոլարով): Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը:
Հինգշաբթի կայացած աճուրդին ներկայացված էին AKA Peace ցուցահանդեսի 24 ցուցանմուշներ: Աճուրդի կազմակերպիչներին հաջողվել է իրականացնել 675 հազար դոլար ընդհանուր արժեքով լոտեր:
Ամենաթանկ լոտերի շարքում է Էնթոնի Գորմլիի «Լռություն» ինստալյացիան, որը վաճառվել է 50 հազար ֆունտով (80 հազար դոլար): Այն մետաղալարից պատրաստված մարդու ուրվագիծ է, ներսում՝ ինքնաձիգ:
Ցուցադրության համադրող Ջեյք Չապմանի խոսքով՝ աճուրդը հուսահատ փորձ է՝ կասեցնելու մարդկային անարդարությունը:
Չապմանն ու իր եղբայրը՝ Դինոսը, նույնպես ավանդ են ունեցել աճուրդում՝ վաճառքի ներկայացնելով ինքնաձիգներով զինված երկու երեխաների քանդակներ: Դրանք վաճառվել են առանձին-առանձին՝ ընդհանուր 130 հազար դոլար արժեքով:
AKA Peace ցուցադրության ստեղծմանը մասնակցել էին տարբեր երկրներից 23 նկարիչներ: Նրանց հանձնարարված էր դուրս գրված զենքերը արտ-օբյեկտների վերածել:








































