Սիրիայի և Թուրքիայի միջև հրետանային հարվածների փոխանակումը ողբերգական պատահակաություն է առաջինի կողմից և պատասխան հարված՝ երկրորդի կողմից, ինչը կարող միանգամայն լուրջ հետևանքներ ունենալ: Խոսքն անգամ այն մասին չէ, որ երկու պետությունների միջև կարող է ավելի լայնածավալ հակամարտություն սկսվել: Վտանգն այն է, որ, ինչպես չեն բացառում որոշ հետազոտողներ, դեպքը կարող է Արևմուտքի կողմից օգտագործվել որպես առիթ ՝ Սիրիայի հակամարտությանը ռազմական միջամտություն ցուցաբերելու համար,- գրում է ITAR-TASS-ի հոդվածագիր Անատոլի Լազարևը:
Նման ենթադրության համար հիմք է հանդիսանում այն հանգամանքը, որ Թուրքիան Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ է, և նրա վրա հարձակման դեպքում կարող է կիրառվել Վաշինգտոնյան պայմանագրի 5-րդ հոդվածը , որը նախատեսում է բոլոր դաշնակիցների հավաքական ռազմական պատասխան անդամներից մեկի դեմ ագրեսիայի դեպքում: Առայժմ դա տեղի չի ունեցել: Սակայն Թուրքիայի տարածք արկերիընկնելուց հետո Բրյուսելում հավաքվեց ՆԱՏՕ-ի նիստ, իհարկե՝ առայժմ միայն դեսպանների մակարդակով: Խորհրդակցության արդյունքում ընդունված հայտարարության մեջ ասվում է, որ Սիրիայի թշնամական գործողություները «բլոկի հարավային սահամանի վրա» դարձել են «բացահայտ և անկասկած սպառնալիք դաշնակիցներից մեկի համար»: Ակնարկը միանգամայն հաստակ է,- եզրակացնում է հոդվածագիրը: Ի դեպ, դաշինքի կողմից թուրք-սիրիական միջադեպի քննարկումը դեռ չի ավարտվել. այն կշարունակվի հոկտեմբերի 9-10-ը ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպմանը:
Արևմուտքի կողմից նման կերպով ուժային տարբերակի դիմելու համար ևս մեկ հիմք կարող է ծառայել այն հանգամանքը, որ ռազմական միջամտության այլ սցենարներ իրենց չեն արդարացրել: Սկսենք միայն Արևմուտքի կողմից ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի միջոցով խաղաղ բնակչությանն արյունահեղությունից փրկելու անհաջող փորձերից (Ռուսաստանի և Չինաստանի շնորհիվ),- շարունակում է Լազարևը:
Իսկ հետո տեղի ունեցան Արևմուտքի կողմից քարոզչական բռնկումներ, որոնք կարելի է դիտարկել որպես հերթական փորձ՝ զինված միջամտության համար առիթ գտնելու նպատակով: Սկզբում հրապարակվեցին տագնապալի նախազգուշացումներ, որ Դամասկոսը կարող է քիմիական զենք կիրառել կամ ի վիճակի չէ ապահովել դրա անվտանգությունը: Դրան հետևեցին ՆԱՏՕ-ի երկրների ներկայացուցիչների հայտարարություններն առ այն, որ զանգվածային ոչնչացման զենքի օգտագործման կամ տարածման դեպքում կարող է իրականացվել ռազմական ինտերվենցիա՝ նման գործողությունները կախելու համար:
Սիրիայի տարածք օտարերկրյա ռազմական ուժ մտցնելու համար առիթ փնտրելու հաջորդ օրինակն այն է, որ վերջերս ակտիվորեն առաջ էր քաշվում ոչ թռիչքային գոտի ստեղծելու տարբերակը այն ինքնիշխան պետությունների վրա, որտեղ ապստամբները վերահսկողւթյուն են սահմանել, և որտեղ գտնվում են ներքին փախստականները: Այնուամենայնիվ, այդ փորձն էլ աստիճանաբար ի չիք դարձավ, քանի որ դա հիշեցնում էր լիբիական սցենարը:
Վերադառնալով թուրք-սիրիական սահմանին տեղի ունեցած դեպքին՝ հարկ է նշել, որ սա արդեն երկրորդ լուրջ դեպքն է հարևան երկրների միջև, որը դիտարկվում է Հյուսիսատլանտյան դաշինքի կողմից: Հոդվածագիրը հիշեցնում է, որ հունիսի 26-ին Սիրիայի ՀՀՊ-ի կողմից թուրքական RF-4E կործանիչի ոչնչացումից հետո ՆԱՏՕ-ի խորհուրդը հայտարարեց, որ «ուշիուշով կհետևի Սիրիայի շուրջ սրված իրավիճակին»: Իհարկե, գործնական քայլեր չձեռնարկվեցին: Այնուամենայնիվ, թուրքական սահմանից Սիրիայի դեմ գործողություններ ձեռնարկելը ՆԱՏՕ-ի համար շատ հարմար կլինի: Վերջինիս տվյալներով՝ ինքը Թուրքիայում ունի 24 ռազմաբազա:
Ի վերջո, ոչ ոք չի կարող աչքաթող անել այն հնարավորությունը, որ Սիրիայից հետագայում էլ կարող է մի արկ ընկնել Թուրքիայի տարածք: Սակայն այդ դեպքում հետևանքները շատ ավելի ողբերգական կլինեն և կհանգեցնեն ոչ թե 5, այլ շատ ավելի մեծ թվով զոհերի: Չէ՞ որ հազիվ թե հնարավոր լինի բացառել, որ ՆԱՏՕ-ն կարող է կիրառել «Աստված երրորդություն է սիրում» սկզբունքը, և երրորդ միջադեպը, միանգամայն հնարավոր է, առիթ դառնա Դամասկոսի դեմ ռազմական ինտերվենցիայի համար՝ Դաշինքի անդամներից մեկին «պաշտպանելու» նպատակով,- եզրակացնում է հոդվածագիրը:









































