Այսօր Երևանի Մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի (Մերգելյան) «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում կմեկնարկի ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսը: Տեխնոլոգիական հայության տոնը կտևի 3 օր: Ցուցահանդեսի կազմակերպիչները՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, խոստանում են բազմաթիվ հետաքրքիր նորություններ, բացահայտումներ, տարբեր երկրների կազմակերպությունների մասնակցություն, սեմինարներ, մրցույթներ աշխատանքի տոնավաճառ և այլն:
2005 թվականից ի վեր, երբ առաջին անգամ կազմակերպվեց ցուցահանդեսը, տարեցտարի այն ընդլայնում է իր աշխարհագրությունը, մասնակիցների ցանկը, նաև ավելանում է այցելուների թիվը: Օրինակ՝ անցած տարվա 113 կազմակերպությունների փոխարեն, այս տարի մասնակցելու են 120-ը, այցելուների թիվն անցած տարվա 18 հազարի փոխարեն, այս տարի սպասվում է 20 հազար, նաև բացի տեղական ընկերություններից, մասնակցելու են կորեական, սինգապուրյան, ռուսական, վրացական, գերմանական, իտալական, ամերիկյան կազմակերպություններ: Ընդ որում՝ ցուցահանդեսը մշտապես անցկացվում է վարչապետի բարձր հովանու ներքո:
ԴիջիԹեքի մշտական մասնակիցների կողքին կան նաև ընկերություններ, որոնք թեև նախորդ տարիներին մասնակցել են, այս տարի ներկայացված չեն ցուցահանդեսում: Պարզելու համար թե ինչքանո՞վ է ցուցահանդեսն արդյունավետ մասնակից ընկերությունների համար, «Առաջին լրատվական»-ը զրուցեց տեխնոլոգիական ոլորտի մի քանի ներկայացուցիչների հետ:
Cambric Services ընկերության (մեքենաշինության բնագավառում ինժեներական նախագծում) տնօրեն Փայլակ Հախինյան – Անցած տարի մասնակցել ենք ԴիջիԹեքին, բայց այս տարի՝ ոչ: Պատճառն այն է, որ ընկերության գործերն այնքան էլ լավ չեն: Մենք ամերիկյան ընկերության բաժանմունքն ենք, այստեղ շուկա չունենք: Անցած տարի մասնակցելը հիմնականում ներկայացուցչական նպատակ էր հետապնդում՝ մեր մասին տեղյակ պահելու, աշխատակիցներ ներգրավելու առումով, ինչը հաջողվեց: Այս տարի նման խնդիրներ չունենք, դրա համար չենք մասնակցում:
Maxtronic ընկերության (համակարգչային և կենցաղային տեխնիկայի ներմուծում և մեծածախ վաճառք, ՀՀ-ում ներկայացնում է ACC-ն և այլ բրենդեր) ղեկավար և Դ-Լինկ Ինթերնեյշնլ ՊՏԵ ԼՏԴ» հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արմեն Շահնազարյան – Անցած տարի մասնակցում էինք, որովհետև Maxtronic-ը մատակարար է և, քանի որ կար ACC-ի հետ համագործակցությունը, մասնակցել ենք իրենց մասին հայտարարելու համար: Իրականում մատակարարը չպետք է մասնակցի նման ցուցահանդեսների, և այս տարի չենք մասնակցում, պետք է մասնակցեն գործընկերները: Քանի որ լիտվացիների հետ համագործակցության առաջին օրերն էին, դրա մասին փորձեցինք հայտարարել ավելի լայն զանգվածներին: Եվ դա մեզ շատ բան տվեց՝ նախ մարդիկ իմացան Maxtronic-ը տարբեր ընկերություններ է ներկայացնում՝ մի քանի տասնյակ բրենդներ: Իսկ երբ մարդիկ իմանում են, հաճախորդների թիվն ավելանում է: Եվ, անշուշտ, ավելացել է:
Որպես Դ-Լինկ էլ այս տարի չենք մասնակցում: Երկու տարի առաջ Դ-Լինկը եղել է ցուցահանդեսի գլխավոր հովանավոր, բայց քանի որ այս տարի հովանավորում ենք ԱրմԹեքի համաժողովը Սիլիկոնյան հովտում, որոշվեց, որ այս տարի ԴիջիԹեքը չենք հովանավորի, բայց հաջորդ տարի այդ հարցին կրկին կվերադառնանք: Դ-Լինկն արտադրող է, ուղղակի մասնակցության հարցը մեզ մոտ մի քիչ բարդ է: Բայց հարկ է նշել, որ ՀՀ-ն միակ երկիրն է, որտեղ ցուցահանդեսի ենք մասնակցել, ընդ որում՝ երկու անգամ: Դ-Լինկն աշխարհում ոչ մի տեղ այլևս ցուցահանդեսի չի մասնակցել, հովանավորի կարգավիճակով՝ այո, բայց որպես էքսպոզիցիա՝ ոչ:
Revotech ընկերության (հիմնական ուղղություններն են ավտոմատացված համակարգերի` ռոբոտատեխնիկայի մշակումն ու ծրագրավորումը) տնօրեն Աշոտ Մաշուրյան – Քանի որ մեր համակարգը շատ թանկարժեք պրոդուկտ է, որ կարողանանք ԴիջիԹեքում ներկայացնել, մենք ծախսում ենք բավականին մեծ գումարներ տաղավարի համար, որպեսզի համակարգը հավաքենք, ինքը «խելացի տուն» է (smarthome), իսկ անցած տարի մեծ արձագանք չկար, որ տաղավարի համար ծախսված գումարը՝ մոտ 1.5 մլն դրամ, փոխհատուցվեր: Դրա համար որոշեցինք, որ այս տարի չմասնակցենք: Մյուս տարի հնարավոր է մասնակցենք, հնարավոր է՝ ոչ: Դեռ այդ մասին չեմ մտածել:
Ինսթիգեյթ ընկերության (միկրոէլեկտրոնային համակարգերի նախագծման ավտոմատացում) տնօրեն Արման Պողոսյան – 2005-ից սկսած միշտ մասնակցում ենք ԴիջիԹեքին: Դա PR է, կադրերի հարցն է օգնում լուծել. մենք հիմնականում ուսանողներին ենք ներգրավում և մեզ համար կադրեր ենք պատրաստում: Ցուցահանդեսի շնորհիվ ծանոթացել ենք 1-2 հոգու հետ, որոնց հետ փոքր գործեր ենք արել, ծանոթացել ենք նաև մեր խորհրդատուի հետ, որը հետագայում մեզ մոտ ներդրեց ISO9001 համակարգը և սերտիֆիկացվեցինք: Ցուցահանդեսում նաև ներկայացնում ենք տարբեր կրթական ծրագրեր դպրոցների և համալսարանների համար:
Idram ընկերության (ինտերնետ-վճարային համակարգ) տնօրեն Գայանե Ստեփանյան – Անցած տարի չենք մասնակցել, վերջին անգամ 2009-ին էինք մասնակցել: Ցուցահանդեսի արդյունավետությունը կախված է նրանից, թե ինչ ֆորմատով ես ներկայանում: Կոնկրետ մեզ մոտ գրանցվողների թիվն ավելացավ: Ներկայացրել էինք դրամական փոխանցումների համակարգը, որից հետո որոշ աշխուժություն նկատվեց: Այս անգամ ցուցահանդեսում նոր պրոդուկտ ենք ներկայացնելու ու շատ լուրջ պատրաստվել ենք:
Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի (գիտական և կրթական հիմնադրամ) տնօրեն Ամալյա Եղոյան – ԴիջիԹեքին մասնակցել ենք և մասնակցում ենք: Ցուցահանդեսի շնորհիվ մենք անցած տարի ծանոթացանք Վիասֆերի ղեկավար Թոնի Մորոյանի հետ, ինքը հետաքրքրվեց ԳՏՏԿ-ով, այցելեց, և հիմա ռոբոտաշինության հետ կապված համատեղ ծրագիր ենք պատրաստվում իրականացնել: Ցուցահանդեսի արդյունքում նաև 2 կայքերի պատրաստման պատվեր է եղել: Ընդհանուր առմամբ՝ մեր նպատակն իրականացվում է, այսինքն՝ բիզնես համագործակցության ձևավորումը ՏՀՏ ոլորտի ներկայացուցիչների հետ իրականացվում է:









































