ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հաջորդ դեբատներին պետք է պատրաստ լինի մրցակից Միթ Ռոմնիի անազնվություններին: Այս մասին լրագրողներին հայտարարել է նախագահի ավագ խորհրդական Դեվիդ Պլաֆը:
Խոսքը Դենվերի համալսարանում տեղի ունեցած առաջին դեբատի մասին էր, որն ամբողջության նվիրված է եղել ներքին քաղաքականությանը վերաբերող հարցերին: Օբաման հայտարարել էր, որ հանրապետական Միթ Ռոմնին տալիս է չիրականացվող խոստումներ` խոսելով հարկերի իջեցման, բյուջեի կրճատմանը զուգահեռ պաշտպանական բյուջեն ընդլայնելու մասին:
«Կարծում եմ, որ կարևոր է այն փաստը, որ Ռոմնին ձևացրեց, թե իր արշավում և տնտեսական ռազմավարությունում կենտրոնական գաղափարներ չկան: Այնպես որ մենք հիմա հնարավորություն ունենք շարունակելու հիշեցնել մարդկանց այն մասին, որ Միթ Ռոմնիի տնտեսական պլանը նախատեսում է հարկային արտոնություններ հարուստներին և վնասի պատճառում միջին դասին, ինչպես նաև այն մասին, որ նա այդ մասին ճշմարտությունը չի ասում: Այնպես որ մենք պետք է հաշվի առնենք նրա անազնվությունը»,- ասել է Պլաֆը:
«Կարծում եմ նախագահը հստակ ձևակերպեց և առաջ բերեց փաստարկներ հարկային արտոնությունների նրա ծրագրի դեմ: Այնպես որ Ռոմնիի ելույթն իր անազնվությամբ աննախադեպ էր»,- ասել է նախագահի խորհրդականը:
Ռոմնին հայտնել էր, որ մտադիր է արտոնություններ տալ ոչ միայն միջին դասին, այլև հարուստներին:
Օբաման, որն ավելի քան երկու տարի փորձում է հարկային արդար միջավայր ստեղծել, հակառակը, կարծում է, որ պետք է պահպանել հարկային արտոնությունները միջին դասի համար, իսկ հարուստներից ավելի շատ գանձել:
ԱՄՆ բյուջեի դեֆիցիտը օգոստոսի տվյալներով` գերազանցում է 1,16 տրիլիոնը:
Հոկտեմբերին նախագահի թեկնածուները ևս երկու դեբատի կմասնակցեն: Նախագահական ընտրությունները կկայանան նոյեմբերի 6-ին:








































