Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Գիգա Բոկերիան այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Վրաստանի գործող կառավարությունը հստակեցրել է այն անձանց խումբը, որը իշխանության փոխանցման հարցի շուրջ խորհրդակցություններ կանցկացնի խորհրդարանական ընտրություններում հաղթած «Վրացական երազանք» դաշինքի հետ.
«Այդ խմբում ընդգրկվել եմ ես, խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեն, Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավան և խորհրդարանի իրավական հանձնաժողովի նախագահ Պավլե Կուբլաշվիլին: Մենք «Վրացական երազանք»-ին կոչ ենք անում չմիջամտել ընտրական վարչակազմի աշխատանքին և ճնշումներ չգործադրել ընտրական հանձնաժողովների անդամների վրա, քանի որ դա ազատ և ժողովրդավար ընտրությունների անցկացումից հետո բացասաբար է անդրադառնում Վրաստանի վրա»:
Հիշեցնենք, որ «Վրացական երազանքը» իր հերթին աշխատանքային խումբ է ձևավորել՝ իշխանությունների հետ բանակցելու համար: Այդ խմբի մեջ են մտել Իրակլի Ալասանիան, Դավիթ Ուսուպաշվիլին և Իրակլի Գարիբաշվիլին: