Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանում ձերբակալվել է 16 մարդ, որոնք մեղադրվում են երկրի արժութային շուկան ապակայունացնելու, ինչպես նաև երկրի տնտեսական դրության վատթարացմանը և արժույթի փոխարժեքի կտրուկ փոփոխմանը նպաստող հերյուրանքների տարածման մեջ:
Այս մասին հայտարարել է Թեհրանի դատախազությունը: Վերջինիս հաղորդմամբ՝ ձերբակալվածները անձնական հարստացման նպատակով իրականացրել են ապօրինի արժութային օպերացիաներ: Այլ մանրամասներ առայժմ չեն հրապարակվում:
Հիշեցնենք, որ իրանական արժույթի փոխարժեքի կտրուկ փոփոխությունների հետ կապված՝ Թեհրանում և իրանական այլ քաղաքներում անցկացվել են բողոքի խոշոր ակցիաներ: Իրանի իշխանությունները ստիպված են եղել այդ ակցիաները ցրելու համար Թեհրանի կենտրոն մտցնել «Բասիջ» աշխարհազորային ջոկատներին: