Հայաստանի կառավարությունն այսօրվա նիստում հրապարակել է պաշտոնական տեղեկություն, համաձայն որի` Հանրապետության հրապարակի վրա գտնվող ԱԳՆ շենքը վաճառվում է «Տանգո» ընկերությանը, և շենքը կդառնա հյուրանոց:
«Տանգո» ընկերությունը պատկանում է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին, որը նաև «Զվարթնոց» օդանավակայանի կառավարիչն է, ազգային բարերար, ինչպես նաև Հայաստանում զբաղվում է խոշորամասշտաբ օրգանիկ գյուղատնտեսությամբ:
Վաճառելով ԱԳՆ շենքը հյուրանոցի համար` Հայաստանի կառավարությունն ըստ էության ցույց է տալիս, որ Հայաստանում փաստորեն վաճառվում է պրակտիկորեն ամեն ինչ, այսինքն` ամեն ինչ վաճառքի ենթակա է, միայն փողին մուննաթ:
Մյուս կողմից` շատ խորհրդանշական է, որ ԱԳՆ շենքի վաճառքը տեղի է ունենում հենց այս օրերին, երբ Հայաստանում ծավալվում է նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի գործով աղմուկը: Այս ֆոնին ԱԳՆ շենքի վաճառքը խորհրդանշում է այն, որ Հայաստանն ըստ էության արտգործնախարարություն հասկացությունը համարում է ընդամենը կոմերցիայի օբյեկտ և ոչ թե պետական քաղաքականության ինստիտուտ, որը պետության և պետական մտածողության, պետականապաշտության մշակույթի ներդրման որոշակի խորհրդանիշ կարող է հանդիսանալ:
Այստեղ ամենևին կարծրատիպեր չեն, այլ ընդամենը պետականության մշակույթի մասին է խոսքը, որի առկայության պարագայում երկրի գլխավոր հրապարակում ԱԳՆ շենքը չեն փոխանակում հյուրանոցի հետ, թեև այդ փոխանակությունը հենց վկայում է այն մասին, թե ինչ վիճակում է երկիրն ու ինչ է կատարվում երկրի իշխանության ուղեղներում: Տեղի ունեցողը ընդամենը այդ ուղեղների արգասիքն է, որտեղ ոչ մի կերպ չի տեղավորվում արտաքին քաղաքականություն հասկացությունը:
Արտաքին քաղաքականությունը ինքնուրույնություն, սուբյեկտություն է ենթադրում, ենթադրում է ինքնիշխանություն, ընդ որում` գործնական, իրական: Իսկ Հայաստանի իշխող վերնախավ կոչվածի համար ինքնուրույնությունը, ինքնիշխանությունը ընդամենը կենացի թեմաներ են, ոչ թե գործնական, իրական քաղաքականության:
Գործնական մակարդակում իշխանությունը այդ բոլոր ֆունկցիաները, ըստ էության, օտարել է մեկ այլ պետության՝ Ռուսաստանի Դաշնությանը` դրա դիմաց ստանալով հայրենիքում կենացներ հորդալու հավիտենական իրավունք: Այդ պատճառով էլ երկրում հյուրանոցն ու ռեստորանն են պահանջված, որովհետև կենացին հենց այդ օբյեկտներն են հարիր, ոչ թե պետական ինստիտուտները: Այստեղ շենքի հարց չէ, այլ հիմքի՝ մտածողության, արժեհամակարգի հիմքի, պետության հիմքի:








































