Լեգենդար երաժիշտ Ջիվան Գասպարյանը, որի անունը անքակտելիորեն կապված է դուդուկի հետ, Լոնդոնի Barbican համերգասրահում ելույթ է ունեցել իրանցի սիթարահար Հոսեյին Ալիզադեի հետ: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Երկու երաժիշտների համագործակցությունը շարունակվում է ավելի քան 10 տարի: Ջիվան Գասպարյանը համատեղ հանդես է եկել տարբեր ոճերի և ժանրերի կատարողների հետ, որոնց թվում է կիթառահար Բրայան Մեյը՝ Queen խմբից, Փիթեր Գեբրիելը, Բորիս Գերեբենշիկովը, Մայքլ Բրուկը: Գասպարյանը մի քանի ֆիլմերի երաժշտությունների հեղինակ և կատարող է: Այդ ֆիլմերից առավել հայտնի է ռեժիսոր Ռիդլի Սքոթի «Գլադիատորը»:
84-ամյա Գասպարյանը շարունակում է ակտիվ համերգային գործունեությունը՝ ելույթ ունենալով դուդուկահարների քառյակի հետ, որոնց թվում է նրա թոռը՝ Ջիվանը:
Աղբյուրի թղթակից Մարկ Գրիգորյանը Ջիվան Գասպարյանի հետ հանդիպել է համերգից մի քանի ժամ առաջ:
-Դուք ելույթ եք ունենում պարսիկ, թուրք, ադրբեջանցի երաժիշտների հետ: Գոյություն ունե՞ն աշխարհագրական սահմաններ Ձեր երաժշտության համար:
– Եթե ունես ընդունակություն, ապա սահման չկա: Ես կարող եմ նույնիսկ առանց փորձի նվագել: Հենց այդպես եմ Լայոնել Ռիչիի հրավերով ձայնագրվել նրա երգերից մեկում: Ես խնդիր չունեմ: Կարող եմ հանդես գալ բոլոր ժողովուրդների ներկայացուցիչների հետ և նվագել նրանց երաժշտությունն այնպես, որ նրանք կզարմանան, թե ինչպես կարող է օտար մարդն այդպես նվագել:
-Դուք այդ խնդիրը չունեք, քանի որ արվեստի մա՞րդ եք:
– Այո՛: Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում: Ես զբաղվում եմ միայն արվեստով և արդեն 73 տարի է՝ հանդես եմ գալիս որպես արհեստավարժ երաժիշտ:
– 9 տարի առաջ Լոնդոնում կայացել է Ձեր համերգը ադրբեջանցի երգիչ Ալիմ Կասիմովի հետ…
-Կասիմովը շատ լավ երգիչ է: Ես ելույթ եմ ունեցել ադրբեջանցի այլ երաժիշտների հետ ևս: Նախկինում, երբ մեկնել եմ Բաքու, նվագել եմ Բյուլ-Բյուլի հետ (ժողովրդական և օպերային երգիչ), Խան Շուշինսկու, Սաիդ Ռուստամովի (Ադրբեջանի կոմպոզիտորների միության նախագահ, ժողգործիքների նվագախմբի դիրիժոր), Շովկետ Ալեկպերովայի և բազմաթիվ այլ կատարողների հետ: Մենք շատ լավ ընկերներ էինք: Ներկայում տեղի են ունենում տհաճ իրադարձություններ: Այդ ամենի հետևում կանգնած է քաղաքականությունը. այն վնասում է մարդկանց: Այն սպանում է ժողովրդին: Չի´ կարելի: Արվեստի մարդիկ չպետք է կապ ունենան դրա հետ: Եվ ընդհանրապես, ժողովուրդները պետք է սիրեն միմյանց, այլ ոչ թե սպանեն: Մաֆիոզները ապակողմնորոշում են դժբախտ ժողովուրդներին, միմյանց դեմ դուրս բերում, այնուհետև մի կողմ քաշվում և հարստանում ժողովրդի հաշվին: Ինչո՞ւ ենք մեր ձեռքը զենք վերցնում, ինչո՞ւ ենք մարդկանց սպանում: Չէ՞ որ սիրում ենք խաղաղությունը, սիրում ենք գեղեցիկ բառեր, սիրում ենք երգել, պարել, գինի խմել… Սայաթ-Նովան ասում էր. «Աստվա՛ծ սիրե, հոգի՛ սիրե, յա՛ր սիրե»: Ահա, թե ինչպես պետք է ապրեն ժողովուրդները կողք կողքի: Դրա համար է, որ չեմ սիրում քաղաքականությունը և չեմ զբաղվում դրանով:
Մեջբերելով ծանրամարտիկ Յուրի Վարդանյանի և մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանի անունները, նա ասել է, որ ինքն էլ նույնքան յուրահատուկ է արվեստում:
-Իսկ դուդուկը սահմաններ ունի՞:
-Իմ փոքրիկ գործիքով ես կարողացել եմ աշխահին բացատրել, թե ինչ է դուդուկը, և այն ներառել մարդկության պատմության մեջ: Դա շատ երկար և խրթին ճանապարհ էր: Նախկինում կարծում էին, որ դուդուկ կարելի է նվագել արհեստավորների համար, թաղման ժամանակ: Իսկ հիմա ողջ աշխարհն է դուդուկ նվագում: Այստեղ՝ Լոնդոնում, ես երեք աշակերտ ունեմ, նրանք բոլորն անգլիացիներ են: Իսկ սահման՝ չկա: Ահա այսպես:







































