Թուրքիայի և Սիրիայի սահմանին տեղի ունեցած միջադեպը ցույց է տվել, որ սիրիական հակամարտությունը սպառնում է տարաշածրջանի անվտանգությանը: Նման հայտարարությամբ է հանդես եկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը:
Թուրքական իշխանությունների հաղորդմամբ` Թուրքիան չորեքշաբթի կրակ է բացել սիրիական տարածքի ուղղությամբ` ի պատասխան սահմանին տեղի ունեցած միջադեպի, որտեղ 5 արկերի ընկնելու հետևանքով զոհվել է 5 մարդ, վիրավորվել` 10-ը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
«Սիրիայի կողմից թուրքական քաղաքի ուղղությամբ կրակ բացելու միջադեպը կրկին ցույց է տալիս, որ սիրական հակամարտությունը սպառնում է ոչ միայն սիրիացի ժողովրդի անվտանգությանը, այլև մեծ վնաս է հասցնում հարևաններին»,- ասել է Պան Գի Մունը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել Սիրիայի իշխանություններին հարգել հարևան երկրների տարածքային ամբողջականությունը և դադարեցնել բռնությունը սիրիացի ժողովրդի դեմ: Նա կողմերին լարվածության թուլացման և ճգնաժամի խաղաղ կարգավորմանն անցնելու կոչ է արել:









































