Ադրբեջանը շարունակում է սպառնալիքներ հնչեցնել Ստեփանակերտի օդանավակայանի շահագործման վերաբերյալ: Այս անգամ հերթը Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուինն էր: Նա հայտարարել էր, որ Ադրբեջանը բազմիցս է հայտնել իր դիրքորոշումը հարցի վերաբերյալ:
«Մեր դիրքորոշումը չի փոխվել: Եթե Հայաստանը խախտի միջազգային կանոնները, ապա նա կբախվի համապատասխան հետևանքների»,- նշել էր Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության ղեկավարը:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը, անդրադառնալով վերոնշյալ հայտարարությանը, նշեց, որ նման բոլոր հայտարարությունները գտնվում են ԼՂՀ-ի ուշադրության կենտրոնում, ուստի դա է պատճառը, որ օդանավակայանի վերաշահագործումն իրականացվելու է ԼՂՀ պաշտպանության բանակի հսկողության ներքո:
Դավիթ Բաբայանի վստահեցմամբ՝ պաշտպանության բանակը պետք է ըստ ամենայնի ապահովի օդային տարածքի անվտանգությունը, անձեռնմխելիությունը. «Դա նաև օրենք է. ամբողջ օդային տարածքն է հսկվելու, անվտանգության բոլոր խնդիրները լուծված են»:
«Այս տեսակետից ամեն հարց կարգավորված է, ադրբեջանական կողմից ցանկացած ոտնձգություն պետք է կասեցվի: Իսկ եթե նրանք փորձեն նման քայլերի դիմել, ապա սա կտրուկ կապակայունացնի իրավիճակը տարածաշրջանում»,- նկատեց ԼՂՀ նախագահի մամլո խոսնակը:
Նրա համոզմամբ՝ սա կլինի պատերազմական գործողությունների վերսկսում, որը ԼՂՀ-ն չի ների: Ստեփանակերտի օդանավակայանի վերաշահագործումը, Դավիթ Բաբայանի կարծիքով, Ադրբեջանի համար ոչ թե պատճառ, այլ առիթ կլինի` պատերազմական գործողությունները վերսկսելու:
«Եթե Ադրբեջանը ցանկանում է պատերազմ վերսկսել, նա պետք է առիթներ փնտրի,իսկ եթե առիթ փնտրելու ցանկություն ունեն, ուրեմն այդ առիթը կարող է լինել նույնիսկ բեռների տեղափոխումը և այլն, և այլն:
Մենք բազմիցս ասել ենք, որ կողմ ենք խնդրի խաղաղ կարգավորմանը, բայց դա չի նշանակում, որ մենք թույլ կտանք ֆաշիստական նման քաղաքականություն: Ես, իհարկե, գիտակցում եմ, որ դա շատ վտանգավոր է:
Կարծում եմ` փորձում են ահաբեկել մեր բնակչությանը, թեև չեմ կարծում, որ մեր ժողովուրդը դրանից կահաբեկվի»,- մեկնաբանեց Դավիթ Բաբայանը:
Խոսելով Ստեփանակերտի օդանավակայանում իրականացվելիք առաջին չվերթի ժամկետների մասին՝ նա նշեց, որ առաջին թռիչքը նախատեսվում է մոտակա ժամանակաշրջանում. «Օր չեմ ցանկանում նշել, քանի որ կարող է եղանակային պայմանների պատճառով հետաձգվել, ուստի չեմ ցանկանում շահարկումների առիթ տա»:









































