Հրեական «Թագ Մեհիր» արմատական շարժման ներկայացուցիչները կասկածվում են քրիստոնեական վանք պղծելու համար, հայտնել է BBC-ն:
Բարբարոսները վանքի դռան վրա Հիսուս Քրիստոսին վիրավորող գրություն են թողել` ի նշան Հորդանան գետի արևմտյան ափին իսրայելական բնակավայրերը պակասեցնելու Իսրայելի կառավարության որոշման դեմ բողոքի:
«Թագ Մեհիր» շարժման ակցիաները հակասում են հրեական հավատքի հիմնադրույթներին և զգալի հարված են հասցնում Իսրայելի համբավին»,- դեպքից անմիջապես հետո արված հայտարարության մեջ ասել է Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը:
«Սուրբ տեղերն անձեռնմխելի են»,- ավելացրել է նա:






































