Ֆլորիդացի 26-ամյա Նիք Քլեքները կյանքի է կոչել այն, ինչ այլ մարդիկ տեսել են Ուինսթոն Գրումի «Ֆորեսթ Գամփ» վեպում և ռեժիսոր Ռոբերտ Զեմեկիսի համանուն էկրանավորման մեջ: Նա 178 օրում անցել է 4000 կմ ճանապարհ՝ փոխելով 5 զույգ կոշիկ: Նա քայլելով անցել է ԱՄՆ-ի մի ափից մյուսը՝ Ֆլորիդայից Կալիֆոռնիա: Այս մասին հաղորդում է CBS-ը:
«Ես ապրում էի հիանալի կյանքով, մեծացել եմ լավ ընտանիքում, մենք միշտ ֆինանսապես ապահով ենք եղել»,- իր բլոգում գրել է Քլեքները կամ, ինչպես ինքն է իրեն անվանում՝ Թափառական Նիքը: Սակայն երիտասարդը զգացել է, որ իր կյանքը պտտվում է նույն առանցքի շուրջը, և այդ ժամանակ որոշել է, որ պետք է ինչ-որ բան փոխել:
Տղամարդը գնել է Ֆլորիդայի տոմս, վերցրել ուսապարկն ու iPod Touch-ը և ճանապարհ ընկել՝ այնտեղից ոտքով տուն վերադառնալու մտադրությամբ:
Գիշերել է` որտեղ պատահի, սնվել այն ամենով, ինչ հաջողվել է գտնել: Շարժվելով «տուր ավելին, քան վերցրել ես» սկզբունքով` նա ճանապարհին գտած գումարները, նվեր քարտերը և հավելյալ սնունդը տվել է աղքատներին և անտուններին:
Քլեքների մոտ մարդկանց նկատմամբ վերաբերմունքը փոխվել է: «Մարդկությունն ավելի լավն է, քան կարող էի պատկերացնել»,-լրագրողների հետ կիսվել է «թափառաշրջիկը»:









































