«Անկախության տոներից առաջ Հայաստան ժամանած Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հանդիպել է Սերժ Սարգսյանին, քննարկել մի շարք, այդ թվում և ներդրումների ծրագրեր` առայժմ կես միլիոն դոլար արժողությամբ, ապա հանդիպել է իր «տղաների» և հայաստանյան կառույցների ներկայացուցիչների հետ, վերջիններիս հրահանգել, որ առաջիկա նախագահական ընտրություններում աջակցեն Սերժ Սարգսյանին: Ինչը հետաքրքիր է ոչ միայն նրա ղեկավարած «ալամ աշխարհի» հայերի միության տեսանկյունից, այլև` որ Արա Աբրահամյանը գրեթե ռուսական «ցարական ընտանիքի» անդամ է` Լյուդմիլա Պուտինայի մասով, նա ամուսնացած է վերջինիս զարմուհու հետ: Իսկ քաղաքական մասով` Աբրահամյանը ՌԴ հանրային պալատի անդամ է, Պուտինի խորհրդականը` վստահելի անձը»,- գրում է «Հրապարակ»-ը և հավելում.
«Արա Աբրահամյանը Հայաստանից մեկնել է սեպտեմբերի 20-ի երեկոյան: Մինչ այդ ևս մի կես միլիոն էլ տարբեր ծրագրերի համար է հատկացրել:
Ի դեպ, նույն օրը նույն ինքնաթիռով Մոսկվա է մեկնել նաև Գագիկ Բեգլարյանը: Այդ օրը նրա եղբայրը` Հակոբ Բեգլարյանը, ազատվել էր Գնումների գործակալության ղեկավարի պաշտոնից»:









































