«Պահանջում ենք դադարեցնել Վարդան Օսկանյանի քաղաքական հետապնդումը» քաղաքացիական նախաձեռնությունն այսօր ԱԺ-ի մոտ կազմակերպեց բազմամարդ ակցիա՝ ի պաշտպանություն Վարդան Օսկանյանի:
«Սիվիլնեթ»-ի աշխատակցուհի Սեդա Գրիգորյանն ասաց, որ այսօր այստեղ հավաքվել են իրենց կամքով, իրենց ցանկությամբ, իրենց տարեդարձի օրը պաշտպանելու իրենց լինելու իրավունքը:
Իր հերթին, «Սիվիլնեթ»-ի գլխավոր խմբագիր Կարեն Հարությունյանն ասաց, որ իրենց բողոքն անարդարության դեմ է, քանի որ սա ոչ միայն Վարդան Օսկանյանի դեմ կատարվող գործողություն է, սա նաև ՀԿ-ի, լրատվամիջոցի դեմ տեղի ունեցող ոտնձգություն է: Ըստ նրա՝ այն գործողությունը, որն այսօր կատարվում է հիմնադրամի նկատմամբ, իսկապես, իրենց շեղում է հիմնական առաքելությունից:
«Այսօր մենք մեր գործը թողած՝ եկել, հայտնվել ենք այստեղ՝ բողոքելու անիմաստ մի գործի դեմ, որը որևէ նորմալ երկրում չպետք է լիներ: Ես համոզված եմ, որ բոլոր պատգամավորները, որոնք քվեարկելու են, համոզված են, որ քաղաքական պատվեր է»,- վստահություն հայտնեց Կարեն Հարությունյանը:
Կամզակերպված ակցիայի ընթացքում հիմնադրամին իրենց աջակցությունը հայտնեցին նաև «Մենք» երիտասարդական շարժման ներկայացուցիչները՝ պահանջելով ստեղծված խնդիրներին արդար լուծում:
«ԱՐ-ԴԱ-ՐՈՒ-ԹՅՈՒՆ» բացականչություններով ակցիայի մասնակիցները պատգամավորներին ճանապարհում էին ԱԺ՝ ակնկալելով արդար քվեարկություն:
Հիշեցնենք, որ այսօր մեկնարկեց է Ազգային ժողովի աշնանային նստաշրջանը, որի օրակարգում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ միջնորդագրի քվեարկությունը:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի









































