Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը Իրանում հեղափոխություն է կանխատեսում, որը կդառնա «արաբական գարնան» շարունակությունը: Այս մասին հաղորդում է ZMAN.com-ը:
«Կոշտ տնտեսական պատժամիջոցները կարող են արդյունավետ լինել»,- հայտարարել է Լիբերմանը «Հաարեց» հրատարակության հետ հարցազրույցում:
«Եթե տնտեսական իրադրությունն Իրանում վատանա, ապա դա կհանգեցնի փողոցային անկարգությունների` ընդհուպ ժողովրդի կողմից փորձերի իրականացման այն, ինչ տեղի ունեցավ Եգիպտոսի Թահրիր հրապարակում»,- նշել է նա:
Լիբերմանի խոսքով` արդեն հիմա Իրանում նկատվում է սննդամթերքի հիմնական տեսակների սղություն և հանցավորության աճ: «Իրանցիները խուճապի մեջ են: Նոր սերունդը հոգնել է պատանդ լինելուց»,-ասել է Լիբերմանը:
Նախարարի խոսքով` եթե տնտեսական պատժամիջոցները բավականաչափ կոշտ լինեն, ապա կարող են տեղի ունենալ հուզումներ, ինչպես 2009-ի հունիսին Թեհրանում, և նույնիսկ ավելի ուժեղ:
Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Իրանին պետք է համարել աշխարհի ամենավտանգավոր ահաբեկչական պետությունը, այդ իսկ պատճառով նրան չպետք է միջուկային զենք ստեղծելու հնարավորություն տալ: Նրա խոսքով` միջուկային զենքով զինված Իրանը կլինի նույնքան վտանգավոր, որքան միջուկային զենքով զինված «Ալ-Քաիդան»:
«Աշխարհի ամենավտանգավոր ահաբեկչական ռեժիմի և ամենավտանգավոր խմբավորման միջև տարբերությունն այդքան էլ մեծ չէ»,- ասել է Նեթանյահուն:









































