Այսօր՝ ժամը 20:00-ին, Հանրապետության հրապարակում կկազմակերպվի Red Bull X-Fighters Jams ազատ ոճի մոտոմրցույթի շոուն, որի ընթացքում ընդմիջումներին իր կատարումները կներկայացնի հայաստանյան լավագույն ռոք խմբերից «Դոգման»: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց խմբի վոկալիստ Զառա Գևորգյանը:
Նա տեղեկացրեց, որ «Դոգման» շոուի ժամանակ կներկայացնի իր «դրայվոտ» երգերը՝ «Հեքիաթ», «Պահմտոցի», «Խաղեր» և այլն, խումբը կկատարի նաև Red Bull-ի հիմնը:
«Դոգման» թեմայի մեջ է լինելու: Այնպես ենք անելու, որ անգամ ընդմիջումներին այդ դրայվը չպակասի»,- ասաց երգչուհին:
Red Bull X-Fighters Jams-ն աշխարհի լավագույն և հայտնի մարզիկների կատարումների ցուցադրումն է, որն անցկացվում է Red Bull X-Fighters համաշխարհային ամենահեղինակավոր մրցաշարի շրջանակում:
Մոտոէքստրեմալները կցուցադրեն իրենց անհավանական հնարքները` թռչելով օդ ավելի քան 10 մետր բարձրությունից` միաժամանակ բացարձակ ճշգրտությամբ կառավարելով 100 կգ քաշ ունեցող մոտոցիկլետը:








































