Ցավոք սրտի, ընտրությունից ընտրություն վիճակը վատանում է, և ընտրակեղծիքների նոր մեխանիզմներ են ի հայտ գալիս: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց ՀԱԿ անդամ, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը՝ անդրադառնալով նախորդ շաբաթ Հայաստանի տարբեր մարզերում անցկացված ՏԻՄ ընտրություններին:
Մակեյանի համոզմամբ` եթե 2013-ի նախագահական ընտրություններին սթափ դատող զանգվածը ոտքի չկանգնի, և ընդդիմությունը այլընտրանքային ուժ չստեղծի, ապա մենք կունենանք «լեգիտիմ նախագահ», այսինքն` լուռ ու անաղմուկ կընտրվի գործող նախագահը: Խոսելով առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջադրման մասին` ՀԱԿ անդամը նշեց, որ իր համար միևնույն է, թե ով կառաջադրվի, կարևորը հասարակությանը հստակ մեսիջ հղելն է, որպեսզի մարդիկ տասը հազար դրամի դիմաց ընտրություն չկատարեն:
Անդրադառնալով Վարդան Օսկանյանին որպես մեղադրյալ ներգրավելու Աղվան Հովսեփյանի միջնորդագրին` Մակեյանը նշեց, որ Մարտի 1-ի ամենահրեշավոր դեմքերից մեկը հենց Հովսեփյանն է ու պետք է առաջինը նրան ձերբակալել:








































