ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանի ու ամերիկահայ գործարար, «Արարատ» ֆուտբոլային ակումբի նախագահ, «Արցախ» բանկի 40 տոկոս բաժնետեր Հրաչ Կապրիելյանի միջև վեճը հասել է Հատուկ քննչական ծառայություն:
Մոտ երկու տարի առաջ ամերիկահայ գործարարը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին` բողոքելով ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանի գործողությունների դեմ, սակայն, պատգամավորի խոսքերով, նրա դեմ է գործ հարուցվել: «Ես բոլոր փաստերը դրեցի դատախազության առջև և իր դեմ հարուցվեց քրեական գործ, որը մինչ այսօր շարունակվում է»,- մեզ հետ զրույցում ասաց Ախոյանը: Ամերիկահայ Հրաչ Կապրիելյանի հետ երեկ կապվել չհաջողվեց. «Արցախ» բանկից մեզ ասացին, որ նա Հայաստանում է, բայց շատ կարճ ժամանակով է գալիս-գնում և շատ զբաղված է: Նրա հետ զրուցելու մեր ջանքերն ապարդյուն էին:
Գործարար պատգամավորի և ամերիկահայ գործարարի վեճը սկսվել է 8 տարի առաջ, երբ Հրաչ Ներսես Կապրիելյանի հետ ստեղծել են «Իտարգո Քոնսթրաքշն» շինարարական ընկերությունը: «Ես եմ ստեղծել հիմքից այդ շինարարական կազմակերպությունը, որը շատ մեծ թափ հավաքեց, սկսեց մի քանի լուրջ պատվերներ կատարել: Անցավ երկու տարի, ինչ-ինչ առաջարկներ ի հայտ եկան, որոնց ես չհամաձայնեցի որպես բաժնետեր և հրաժարվեցի տնօրեն աշխատելուց: Պայմանավորվեցինք, որ ես դուրս եմ գալու, և իմ հասանելիք գումարը վերադարձնելու են ինձ և մինչև հիմա այդ գումարը չեն տվել»,- ասաց Ախոյանը` շարունակելով. «Այսօր, իմ կարծիքով, կրկին կեղտոտ քայլեր են ձեռնարկում: Կեղծ ներդրումներ են ցույց տալիս «Իտարգո Քոնսթրաքշնում», որտեղ կինս 20 տոկոս բաժնետոմս ունի, որ դրանք հավասարեցնեն զրոյի»: Պատգամավորը պնդեց, որ կարող է դա ապացուցել. «Միջազգային աուդիտ ենք հրավիրել, և բոլորը փաստերը դրված են իրավապահ մարմինների սեղանին»:
ԲՀԿ պատգամավորին զարմացրել է ամերիկահայ գործարար Էդմոն Խուդյանի փաստաբանների վերջերս արած հայտարարությունները և դրա արձագանքը մամուլում: «Ես դեմ եմ, որ ինչ-որ հիմնադրամ ստեղծողներ, նման տեղեկություն տարածեն, թե իբր սփյուռքահայերին կողոպտում են մեր երկրում: Սա է ինձ վրդովվեցնում որպես ՀՀ քաղաքացի: Մինչև էսօր մենք կոնֆլիկտի մեջ ենք Հրաչ Կապրիելյանի հետ, բայց երբեք չենք ասել` սփյուռքահայերը մեզ գցում են: Ես դեմ եմ այս ձևակերպումները տարածել տեղացիների կամ սփյուռքահայերի վրա: Երբ ասում են` սփյուռքահայերին կողոպտում են, նաև` հակառակն է կատարվում, երբ որոշ սփյուռքահայեր են կողոպտում էստեղ մարդկանց և ոչ միայն մարդկանց, այլև պետությանը: Բայց եկեք մասնավոր դեպքերը չտարածենք բոլորի վրա, թե սփյուռքահայերին Հայաստանում կողոպտում են: Ես շնորհակալ եմ այն սփյուռքահայերից, ովքեր թեկուզ մի կիլո բրնձով օգնել են մեր պետությանը»,- ասաց պատգամավորը: Ըստ նրա` նույն Հրաչ Կապրիելյանը բազմաթիվ օբյեկտներ է սեփականաշնորհել Հայաստանում` «խոստանալով ներդրումներ անել, բայց մինչև այսօր ներդրումներ չեն արվել»: «Ձորաղբյուրի ֆուտբոլի բազան կոպեկներով առավ և ոչինչ չարեց, որը խորհրդային տարիներին մեծ սպորտբազա էր համարվում, այսօր վերածված է չգիտենք ինչի: Նաև մի շարք բաներ էստեղ և ԼՂՀ-ում: Բազմաթիվ օրինակներ բերեմ նույն այդ «հայրենասեր մարդու» կողմից քցված մարդկանց, որոնք դատարանների միջոցով են ստացել իրենց աշխատավարձը»:
Նրա խոսքերով, իրավապահ մարմինները շատ զգույշ են սփյուռքահայերի նկատմամբ, որ հանկարծ ոչ մի սխալ բան թույլ չտան: «Ոչ մեկի արյունը մեր արյունից կարմիր չի և ոչ մի առավելություն չունեն, որ իրանք լավ, բարեկեցիկ կյանքով էին ապրել: Համարելով խոպան մեր նոր կազմավորվող երկիրը` ոմանք գտնում են, որ բոլորը պետք է խոնարհվեն իրենց առաջ. ինչի՞, որովհետև գումար ունեն և ուզում են գործունեություն ծավալել: Խնդրեմ, եկեք ծավալեք, բայց մի ցույց տվեք, որ առավելություն ունեք մեր նկատմամբ»:
Մյուս կողմից` Հայաստանում իրոք քիչ չեն դեպքերը, երբ սփյուռքահայերը կորուստներ են ունենում այստեղ կամ չկարողանալով բիզնես ծավալել` հեռանում են Հայաստանից: Մեր այս դիտարկմանն ի պատասխան Արագած Ախոյանն ասաց. «Ես չեմ ասում չկան, շատ կան, բայց դրա հետ միասին ես մարդիկ եմ տեսել, որ անտեսելով օրենքները, հավատալով ինչ-որ մի ազգականի, տանուլ են տվել: Նույն մարդն իրենց երկրում օրինապաշտ է»:
ՀՔԾ-ում նախաքննությունը, ըստ պատգամավորի, ավարտական փուլում է. «Խոսքը լուրջ գումարների մասին է, և ինքը վճարելու է դա, չնայած որ լսել եմ, ասում է` միլիարդներ կծախսեմ, բայց չեմ վճարի, իսկ ես ասում եմ` կվճարի: Հաշտության եզրը` վճարելն է, չվճարի, մինչև վերջ գնալու եմ»:
ԲՀԿ պատգամավորից հետաքրքրվեցինք նաև, թե պատգամավորական գործունեությանը չի՞ խանգարում այդ գործով զբաղվելը: «Այս գործը երբ կար, ես դեռ պատգամավոր չէի»,- ի պատասխան ասաց Ախոյանը:











































