Google-ի բրազիլական բաժնի ղեկավարին, ում ձերբակալել էին սեպտեմբերի 26-ին, ազատ են արձակել: Ինչպես սեպտեմբերի 27-ին հայտնել է The Huffington Post-ը Ֆաբիո Ժոզե Սիլվա Կոելյոն ազատ է արձակվել այն բանից հետո, երբ համաձայնել է դատարան գնալ:
Դատական նիստի օրը դեռ նշանակված չէ:
Կոելյոն ձերբակալվել էր դատարանի կանոնակարգը չկատարելու համար, որի համաձայն՝ YouTube ծառայությունից պետք է ջնջվեին այն տեսահոլովակները, որոնք վարկաբեկում էին բրազիլական Կամպո-Գրանդե քաղաքի քաղաքապետի թեկնածու Ալսիդես Բերնալին:
Տեսահոլովակի դեմ բողոքել էր Մատու-Գրոսու-Դու-Սուլ նահանգի ընտրական հանձնաժողովը:
Կոելյոյի գործի հետ կապված բրազիլական իրավաբանները բարձրացրել են այն հարցը, որ երկրի օրենքները, որոնք համակարգում են համացանցի աշխատանքը, հնացել են: Տեղական օրենսդրությունը հնարավորություն է տալիս ցանցային ծառայություններին մեղադրել բովանդակության համար, որի համար նրանք պատասխանատու չեն:







































