2008-ի մարտյան բռնություններից և դրանց հետևած իրադարձություններից հասկացանք, թե ուր կարող են հասնել դրանք ծրագրողների, հեղինակների երևակայությունն ու նենգությունը:
Ռոբերտ Քոչարյանը, ով ի պաշտոնե պատասխանատվություն էր կրում երկրում տիրող իրավիճակի համար, իր համախոհների հետ միասին փորձեց (փորձում է) այդ պատասխանատվությունից խուսափել մի ամբողջ պետություն` ազգով ու համակարգերով, ազգի պաշտպաններով «փչացնելու» միջոցով: Ոստիկանները, իրենց հակասական ցուցմունքներով սկսեցին հանդես գալ որպես վկաներ` ոչ միայն ապօրինի կալանավորված քաղաքացիների դեմ, ինչի արդյունքում 19 անձ դատապարտվեց ազատազրկման, այլ նաև հենց իրենց գործընկերների դեմ: 4 ոստիկան դատապարտվեց քաղաքացիների նկատմամբ սահմանազանցում թույլ տալու համար և միանգամից համաներվեց: Նախաքննական մարմինը բռնություններով և ճնշումներով ստորացրեց նաև ազատամարտիկներին. նրանցից էլ ցուցմունք էին կորզում իրենց հրամանատարների դեմ: Եվ այդ ամբողջ խայտառակ գործընթացն այնքան ակնհայտ ու պատկերավոր էր, որ նույնիսկ մարտի մեկի գործով ապօրինի արգելանքի տակ վերցված էշը ներշնչեց ու սատկեց, որը քաղաքականության հետ բացարձակ կապ չուներ և նախագահական աթոռի համար սպառնալիք չէր ներկայացնում:
Հայաստանի Հանրապետության 10 անմեղ քաղաքացիների (որոնցից երկուսը անվտանգության աշխատակիցներ էին)` մարտիմեկյան սպանությունից հետո նախաքննական մարմինը այդպես էլ չհրապարակեց և չդատապարտեց նրանց սպանած անձանց անունները, թեև հայտնի դարձավ, որ դիպուկահար է աշխատել և զենքերը` հատուկ միջոցները, եղել են կոնկրետ անձանց մոտ, դրանք կիրառելու հրամանները տրվել են կոնկրետ անձանց կողմից, կիրառվել են կոնկրետ տեղերում: Սպանություններին հաջորդեցին նաև մասսայական, ապօրինի ձերբակալությունները, մի շարք դեպքերում խախտվեցին անձանց ազատության իրավունքը, անմեղության կանխավարկածը, քանի որ կալանավորում էին անխտիր բոլորին: Դրան հետևեցին նաև խայտառակ դատավարությունները, որոնց ուշիուշով հետևում էին նաև ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) ներկայացուցիչները, ինչն ավելի ուշ տեղ գտավ նաև վերջերս հրապարակված` նրանց զեկույցում: Միջազգային կառույցների դիտորդները որոշ լրագրողների հետ միասին հետևեցին 93 գործով անցնող 109 ամբաստանյալների դատավարություններին և արձանագրեցին, որ խոշտանգումների և ճնշումների են ենթարկվել ականատես վկաները, ցուցմունքներ են կորզվել ոչ օրինական միջոցներով: Հետո այդկերպ համապատասխան մարմինները փորձեցին` իրենց սուտ ցուցմունքներով դատարաններում ապացուցել ապօրինի կերպով ձեռք բերված ապացույցները: Որոշ ամբաստանյալներ դատապարտվեցին միայն ոստիկանների, այն էլ` հակասական, տրամաբանության մեջ չտեղավորվող ցուցմունքներով, ինչն արձանագրեցին և անթույլատրելի համարեցին նաև միջազգային դիտորդները: Բերման ենթարկվածներից, ձերբակալվածներից, կալանավորվածներից յուրաքանչյուր 10-ից 7-ը ենթարկվել էր բռնության, խոշտանգման, որոնցից մեծ մասի դեպքում նույնիսկ դատաբժշկական փորձաքննություն չէր անցկացվել` մեղավորներին հետագայում չպատժելու նպատակով:
Մարտիմեկյան 2 դատավարությունն էլ բավական է` դրանց շինծու լինելու մասին կարծիք կազմելու համար:
Զանգվածային անկարգություններ կազմակերպելու և իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու մեջ մեղադրված, ԱԺ նախկին պատգամավոր Մյասնիկ Մալխասյանը դատաքննության ժամանակ ասաց. «Մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված քրգործի նախաքննության և դատաքննության ընթացքում մեղադրող կողմը գործել է ապօրինությունների ու անօրինությունների դաշտում` մարտի 1-ին, 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած ժողովրդի ինքնաբուխ, արդարացի ընդվզման դրսևորումները ներկայացնելով Մյասնիկ Մալխասյանի և մյուս քաղբանտարկյալների կողմից կազմակերպված քրեորեն պատժելի արարք: Գործը շինծու է, կազմվել է ենթադրությունների, կեղծ վկաներից խորթ մեթոդներով կորզված ցուցմունքների վրա` վարկաբեկելով ողջ իրավական համակարգը, արդարադատությունը և երկրի միջազգային վարկանիշը… Երբ Ազգային ժողովում ասում էի, որ կգա ժամանակը, որ մի օր մեզ կդատեն արցախյան ազատամարտին մասնակցելու համար, մարդիկ ծիծաղում էին: Այսօր դա դառը իրողություն է… Նույնիսկ մեր հակառակորդները մեզ հետ այդպես չեն վարվել»: Ինչ վերաբերում էր իրեն մեղադրելու հիմքերին, ապա իր անմեղությունն ապացուցելու հիմնավորումներից մեկն այսպիսին էր. «Ինձ վերագրվում է արարք, որ փետրվարի 26-ին վարորդ Արման Շահինյանի հետ մետաղյա ձողեր եմ տեղափոխել Ազատության հրապարակ: Մինչդեռ նման բան չէր կարող լինել, քանի որ փետրվարի 24-ին` Սմբատ Այվազյանի ձերբակալությունից հետո ոչ մի մեքենա չէր կարող մտնել Ազատության հրապարակ, քանի որ հսկողության տակ էր»: Ազատամարտիկի և նախկին պատգամավոր Մ.Մալխասյանի համար նաև ցավ էր, որ գործով ներգրավված վկա, զինվոր Կարեն Հայրապետյանին դատապարտել էին իր դեմ սուտ ցուցմունք չտալու համար. նախաքննության ընթացքում նրանից խաբեությամբ ստորագրություն էր վերցվել և հայտնվել ցուցմունքի տակ, իսկ երբ դատարանում պարզվեց այդ հանգամանքը, և նա չընդունեց իր անվան տակ գրվածը, Կարենի համագյուղացիներն էլ հաստատել էին, որ նա դեպքի օրը և ժամերին հովվությամբ է զբաղվել գյուղում, Կարենին 1 տարով դատապարտեցին «սուտ» ցուցմունք տալու համար: Մ.Մալխասյանի պաշտպան Հովիկ Արսենյանն էլ դատավարության ժամանակ դիմելով մեղադրող կողմին` ասաց. «Հերիք է սենյակներում բռնությամբ վկաներից ցուցմունք կորզեք… Մինչև քրեական օրենսգիրքը չհարգվի` Հայաստանի Հանրապետությունում արդարություն չի լինի»: Ինչ վերաբերում է երկրապահներին մեկուսացնելուն` իբրև «հեղաշրջումը» կանխելու փորձի, Արսենյանն այսպես էր նկարագրում ազատամարտիկների դեմ իշխանության ծավալած անօրինական գործողությունները. «Հարցնում էին` ազատամարտի՞կ ես: Հպարտորեն ասում էին` այո: Ա՛յ, քու տիրու մերը, ծեծում, ջարդում, բռնում էին…»:
Զանգվածային անկարգություններ կազմակերպելու և ապօրինի զենք, ռազմամթերք պահելու մեջ մեղադրվող, ԱԺ նախկին պատգամավոր, ազատամարտիկ Սասուն Միքայելյանի գործով դատակոչված նրա մտերիմները, մարտական ընկերները (որոնցից նույնիսկ մեկի երեխային Սասուն Միքայելյանը փրկել էր` արյուն էր տվել), վկաներ` Էդիկ Խաչատրյանը, Արսեն Մկրտչյանը և Յաշա Մելքոնյանը դատարանում հայտնեցին, որ իրենցից ցուցմունքները կորզվել են ճնշումների, ծեծի արդյունքում: Մասնավորապես Յաշա Մելքոնյանի կրծոսկրը կոտրել էր Հրազդանի ոստիկանության պետի տեղակալ Սերգեյ Մարկոսյանը: Ու թեև մամուլում տեղեկություն հայտնվեց այն մասին, թե ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով նշյալ հայտարարությունների հիման վրա քրգործ է հարուցվել ոստիկանության աշխատակիցների գործողությունների փաստով, Յ.Մելքոնյանի հայտարարության հիման վրա` Հատուկ քննչական ծառայությունում, իսկ Է.Խաչատրյանի և Ա.Մկրտչյանի հայտարարությունների հիման վրա` ԱԱ ծառայությունում, այդուհանդերձ դրանց հետագա ընթացքն այդպես էլ չերևաց: Վկաներից Էդիկ Խաչատրյանից դատախազությունում «շան տփոց տալով» ցուցմունք էին կորզել, թե` Ս.Միքայելյանը ռազմամթերք ունի, մինչդեռ վերջինս ինքն էր խոստովանել և մատնանշել տեղը, որի դեպքում նա պետք է ազատվեր քրեական պատասխանատվությունից: Սակայն նախաքննական մարմինն ու դատարանը պարզապես անտեսեցին այդ հանգամանքը և ազատամարտի նվիրյալին դատապարտեցին 8 տարվա ազատազրկման:
Ի դեպ, երբ դատարանում Ս.Միքայելյանի գործով մեղադրողն ասում էր, թե Ս.Միքայելյանի գործողությունների արդյունքում 100 քաղաքացիների և իրավաբանական անձանց գույք է վնասվել, 10 անձ էլ սպանվել է և այդ հանգամանքները ապացուցելու համար նպատակահարմար էր համարել կրճատել դատակոչված վկաների զգալի մասին, պաշտպան Հովիկ Արսենյանն այն ժամանակ ընդդիմացավ` պատճառաբանելով, որ գործը պետք է լսվի գործի քննության սահմաններում, և եթե գործում առկա են տուժողներ, քաղհայցվորներ, նրանք պետք է դատակոչվեն, որպեսզի երևա պատճառահետևանքային կապը նրանց վնասվելու և Սասուն Միքայելյանի գործողությունների միջև: Նիստը նախագահող Հրայր Սարգսյանը փորձեց փրկել մեղադրողներին. պարզաբանեց, որ 85 վկա չի դատակոչվել, քանի որ տուժողներին հասցված վնասը Սասուն Միքայելյանի անմիջական գործողություններից չի եղել, և դա հնարավոր կլինի պարզել նաև այլ գործերով (մարտի 1-ի) դատաքննությունների ամբողջական ավարտից հետո: «Բա էլ ինչո՞ւ եք արգելանք դրել իմ գույքի վրա»,- նկատեց Սասուն Միքայելյանը: «Ո՞ր գույքի»,- հարցրեց դատավորը: Սասուն Միքայելյանը սկսեց անասուններից. «Եկել են խուզարկության, արգելանք են դրել կթու կովերի, չծնած կովերի վրա, ուրիշի ավանակի, որն այդ պահին այնտեղ է եղել, ու էդ ավանակն էնքան խելոք ա եղել, որ դրանից ներշնչել-սատկել ա…»:
Ահա այսպես են դատավարությունները եղել: Դա նկատել էր նաև ՀՀ ՄԻՊ (նախկին) Արմեն Հարությունյանը, ով ասել էր. «Մարտյան դեպքերի դատաքննությունը փորձաքար է ՀՀ դատական համակարգի համար, իսկ «Յոթի գործը» այս դատավարությունների ողջ շղթայի լակմուսի թուղթն է լինելու: Ակնհայտ է, որ կան գործեր, որ Ստրասբուրգի դատարանում փորձության չեն դիմանա, ավելի քան 19 հոգի դատապարտվել է միայն ոստիկանների ցուցմունքների հիման վրա, շատ դեպքերում տուժող չի եղել, շատ վկաներ հրաժարվել են իրենց ցուցմունքներից…»:
Մնում է հարցնել` իսկ դեռ քանի՞ մարտի 1 ու հոկտեմբերի 27 ենք հանդուրժելու, և մինչև ո՞ւր ենք գլորվելու այսպես բարոյազրկվելով…
«Ժամանակ» օրաթերթ











































