Ոստիկանության Վանաձորի բաժնի Բազումի բաժանմունքի ավագ օպերլիազոր Վահե Բարսեղյանը հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն, համաձայն որի` այս տարվա Սուրբ Զատկի տոնի նախօրեին` ապրիլի 7-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «Գոլֆ» մակնիշի մի ավտոմեքենա ցանկանում էր կայանել Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցու դարպասների առջև, ինչը նա արգելել է, և այդ պատճառով վարորդը մեքենան իր ուղղությամբ է վարել` ասելով, որ «կսատկացնի» իրեն:
Հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել, ոստիկանը ճանաչվել է տուժող, իսկ վարորդի` վանաձորցի Արման Բարսեղյանի նկատմամբ առաջադրվել է մեղադրանք ՀՀ քր. օր.-ի 316 հոդվածի 1-ին մասով` իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքի հանցակազմով: Գործն արդեն դատարանում է:
Մեղադրական եզրակացության մեջ նշված է, որ ոստիկանը նշված վայրում ծառայություն իրականացնելիս է եղել և եկեղեցու բակում մեքենայի կայանումն արգելել է` իբր թե խցանումներից զերծ մնալու համար` «հաշվի առնելով, որ ավտոմեքենաների մուտքը եկեղեցու տարածք կխոչընդոտի քաղաքացիների անցուդարձին»: Իսկ վարորդը շարունակ պնդել է, որ մեքենան պետք է կայանի հենց այդտեղ:
«Կրկին մերժում ստանալով` ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքներ է տվել, մասնավորապես` սպառնացել է ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել` «սատկացնել», ապա ավտոմեքենան վարել է նրա ուղղությամբ»,-նշված է մեղադրական եզրակացության մեջ:
Առաջադրված մեղադրանքում Արման Բարսեղյանն իրեն մեղավոր չի ճանաչում:









































