Երեկ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գերագույն ասամբեայի շրջանակներում Անվտանգության խորհրդի՝ Մերձավոր Արևելքի հարցով նիստում հերթական անգամ անդամ երկրները իրարից արմատապես տարբեր դիրքորոշումներ են հայտնել քննարկվող հարցի շուրջ: Միացյալ Նահանգները կոչ է արել Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադին կամավոր հրաժարական տալ, Ֆրանսիան պահանջել է պաշտպանել ապստամբներին, իսկ Ռուսաստանը զգուշացրել արտաքին միջամտության վտանգների մասին,- գրում է «Կոմերսանտ»-ը:
ՄԱԿ-ի անդամ երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի հասցեին կտրուկ քննադատությամբ է հանդես եկել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը: Նա նշել է, որ Սիրիայի ռազմական հակամարտության ժամանակ զոհված երեխաների արյունը սարսափելի բիծ է ՄԱԿ-ի հեղինակության համար: «Եվ առաջին հերթին, դա բիծ է նրանց վրա, ովքեր հրաժարվել են դիմակայել այդ հանցագորություններին, իսկ որոշ դեպքերում՝ անգամ պաշտպանել են Ասադի ստեղծած ահաբեկչության ռեժիմը և օգնել նրան»,- ասել է Քեմերոնը:
BBC-ի թղթակիցը, մեկնաբանելով Քեմերոնի այս հայտարարությունը, նշել է, որ վարչապետն առաջին հերթին նկատի ուներ Ռուսաստանին և փորձում էր իր ելույթով ճնշում գործադրել Ռուսաստանի իշխանությունների վրա:
Գլխավոր ասամբլեայի նիստի ևս մեկ սկանդալային պահ կապված է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի պահվածքի հետ: Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ Քլինթոնը չի լսել Ռուսաստանի պատվիրակության ղեկավար, արտգործնախարար Սերգեյ Լավրովի ելույթը: Ելույթից առաջ պետքարտուղարը դուրս է եկել՝ պաշտոնապես՝ ներկայանալու հերթական երկկողմ հանդիպմանը:
«Ռոսիյսկայա գազետա»-ն գրում է, որ նիստի գրաֆիկը նախօրոք հայտնի է եղել, և Քլինթոնը կարող էր տեղափոխել հանդիպումն ու լսել Լավրովի ելույթը։ Ուստի թերթը եզրակացնում է, որ դա ավելի շուտ ցուցադրական քայլ էր:









































