Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այն բանից հետո, ինչ Թուրքիայի խորհրդարանն ընդունեց օտար քաղաքացիներին Թուրքիայի տարածքում անշարժ գույք գնելու իրավունք ընձեռող նոր օրենքը, Ադրբեջանի քաղաքացիները սկսել են գնալով ավելի շատ անշարժ գույք գնել Թուրքիայում:
Ադրբեջանի քաղաքացիների ուշադրության կենտրոնում են հայտնվել Ստամբուլը, Անկարան, Իզմիրը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի կադաստրում եղած աղբյուրը: Վերջինիս խոսքերով՝ ադրբեջանցիները սկսել են մեծ քանակությամբ անշարժ գույք գնել Թուրքիայի այդ խոշորագույն երեք քաղաքներում:
Աղբյուրը հավելել է, որ ԱՊՀ երկրների քաղաքացիների թվում Թուրքիայում անշարժ գույք գնելու տեսանկյունից առաջատարը Ռուսաստանի քաղաքացիներն են, ինչի պատճառն այն է, որ նրանք նախկինում էլ ունեցել այդպիսի ցանկությունը, ինչպես որ Թուրքիայի քաղաքացիներն էին կարողանում Ռուսաստանում օգտվել համանման իրավունքից: Ռուսաստանի քաղաքացիները Թուրքիայում հիմնականում անշարժ գույք են գնում միջերկրածովյան Ալանիա հանգստի գոտում: Նրանց մի մասն աշխատում է այստեղ կամ էլ ունի սեփական բիզնեսը:
Հիշեցնենք, որ Հայաստանի քաղաքացիներին արգելված է Թուրքիայում գնել անշարժ գույք: Իսկ Վրաստանի, Ռուսաստանի և սևծովյան մյուս երկրների քաղաքացիներին արգելվել է անշարժ գույք գնել Թուրքիայի սևծովյան հատվածում: Ի դեպ, թույլատրված է վաճառել յուրաքանչյուր նահանգի մինչև 10 տոկոսը:









































