«Նորից Հանրային խորհուրդը քննարկել է հեռուստասերիալների հարցը: Նորից խոսել են դրանց դաստիարակչական նշանակության, գեղարվեստական արժեքի, նեգատիվ երևույթները պրոպագանդելու մասին: Դե, հոգնեցինք, էլի` բավ է: Մի բան կա այս եթերում իրական, կենդանի կյանքի հետ առնչվող` իր բոլոր լավ ու վատ կողմերով, դա էլ ուզում են արմատախիլ անել: Որ ունենանք զտված ու կառավարվող, անազատ ու ամուլ եթեր»,- գրում է «Հրապարակ»-ը խմբագրականում և հավելում.
«Ես այլ առաջարկ ունեմ: Թեև հեռուստացույց քիչ եմ նայում և ինձ իրավասու չեմ համարում փորձագիտական կարծիք հայտնել, բայց առաջարկում եմ այս թեման դարձնել քննարկման առարկա: Ինչքան էլ հազվադեպ միացնես հեռուստացույցը` հայկական հեռուստատեսություններից որևէ մեկն ինչ-որ ազարտային խաղ է ցույց տալիս ու խաղադրույքներ դնելու, լոտոներ գնելու գովազդային առաջարկներ անում: Ինչո՞ւ այս հարցը չի անհանգստացնում «հանրային» կոչվող խորհրդին: Եթե ժամեր շարունակ հայտնի հեռուստաաստղերն ու հարգելի մարդիկ նստած` մոլագարի նման պոկեր են խաղում, դա ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ մատաղ սերնդիվրա: Ազարտային խաղերն առանց խաղադրույքների, տանուլ տալու և շահելու չեն լինում:
Եթե այդքան մտահոգ եք մատաղ սերնդի դաստիարակությամբ, արգելեք ազարտային խաղեր` մաֆիա, պոկեր, շահումով լոտոներ պրոպագանդելը: Մեր եթերը, փաստորեն, իր բազում թերություններից բացի, նաև ազարտային խաղերի քարոզով է զբաղված: Գուցե ինչ-որ մարդկանց հետաքրքիր է դիտել, թե ինչպես են Սոֆի Դևոյանը կամ Նադեժդա Սարգսյանը եթերում «կարտ» խաղում, բայց որքանո՞վ է դա անվտանգ, օգտակար ու դաստիարակչական տեսանկյունից շահեկան: Ազգին «կարտ» խաղա՞լ եք սովորեցնում: Եթե հիշենք, թե ովքեր են մեզանում կազինոների տերերը, հասկանալի կդառնա, որ դա հենց այնպես, հեռուստաեթերը լցնելու համար չի արվում»:









































