Ամերիկյան ԶԼՄ-ները հրապարակել են Պենտագորնի հատուկ կարգադրությունները զինվորականների համար՝ կապված Բեն Լադենի չեզոքացման մասին «Ոչ հեշտ օր» գիրքն ընթերցելու հետ:
Նախ, ինչպես հաղորդում է lenta.ru-ն, զինվորականներին թույլատրվում է ձեռք բերել գիրքը և կարդալ այն: Ընդ որում ծառայողներին արգելվում է քննարկել գրքի՝ գաղտնի տեղեկություններ պարունակող հատվածները այն մարդկանց հետ, ովքեր օրինական իրավունք չունեն այն կարդալու:
«Ջերոնիմո» գործողության մասին առաջին ձեռքից տեղեկատվություն ունեցող բարձրաստիճան պաշտոնյաներին արգելվում է հրապարակային հայտարարություններ անել գաղտնի տեղեկություններ պարունակող դրվագների վերաբերյալ: Բացի այդ, գերատեսչության ծառայողներին չի թույլատրվում գրքի՝ գաղտնի տեղեկություն պարունակող հատվածները քննարկել միմյանց մեջ այն դեպքում, եթե նրանք շփվում են սոցցանցերի միջոցով:
Հիշեցնենք. թիվ 1 ահաբեկչի չեզոքացման գործողության մասին «Ոչ հեշտ օր» գրքի հեղինակը արդեն նախկին հատուկջոկատային Մեթ Բիսոնեթն է: Գիրքը լույս է տեսել սեպտեմբերի 11-ին: Հեղինակը պնդում է, որ Բեն Լադենի տան անմիջական հարևանությամբ որևէ փոխհրաձգություն չի եղել, իսկ ինքը՝ «թիվ 1 ահաբեկիչը», ինքնասպան է եղել նախքան հատուկջոկատայինները կմտնեին նրա սենյակ:
Գրքի լույս տեսնելուց հետո ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ հատուկ գործողության հրապարակման մասին թույլտվություն չի տվել: Գաղտնի տեղեկությունը բացահայտելու համար գրքի հեղինակին սպասվում է քրեական պատասխանատվություն:









































